Նորություններ

15.07.2024

Սերգեյ Գլազև. «Աջակցությունը տարածաշրջանների առևտրատնտեսական համագործակցությանը մինչև 2025 թվականը եվրասիական զարգացման օրակարգի գերակայություններից է»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը Կրասնոյարսկում մասնակցել է Ռուս-Ղրղզական 11-րդ միջտարածաշրջանային խորհրդաժողովի լիագումար նստաշրջանին։

Միջոցառմանը ամեն տարի մասնակցում են Եվրասիական տնտեսական միության երկրների տարածաշրջանների ղեկավարներ, ձեռնարկատերեր, բիզնեսի զարգացման և աջակցության ինստիտուտների ներկայացուցիչներ։ Այս տարի խորհրդաժողովն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։

Սերգեյ Գլազևը նշել է, որ «միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Ռազմավարություն-2025-ի կարևոր ուղղություններից է։ Այն իրագործելու համար Հանձնաժողովն իրականացրել է ավելի քան մեկ տասնյակ առերես միջոցառումներ ԵԱՏՄ երկրների տարբեր շրջաններում, վեբինարներ գործարար համայնքի և տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչների համար, ԵՏՀ կայքում գործարկվել է հատուկ պորտալ»։

Խորհրդաժողովի շրջանակներում Հանձնաժողովը կազմակերպել է «Միջտարածաշրջանային համագործակցությունը ԵԱՏՄ տարածքում» պանելային նստաշրջանը, որը վարում էին Սերգեյ Գլազևը և ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության փոխտնօրեն Կանիբեկ Աժեքբարովը։ Նստաշրջանում ներկայացվել է Հանձնաժողովի կողմից Միությունում միջտարածաշրջանային փոխգործակցության ակտիվացմանն ուղղված միջոցների և միջոցառումների ակնարկը. հնչել են ֆինանսների, ներդրումների, արտաքին տնտեսական գործունեության, տրանսպորտալոգիստիկ ոլորտում միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման առաջարկներ։

ԵՏՀ նստաշրջանի մասնակից, Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը խոսել է ԵԱՏՄ-ում միջտարածաշրջանային համագործակցության պորտալի մասին։ Նրա խոսքով՝ Հանձնաժողովի կողմից ձևավորված ռեսուրսը ցանկացած տնտեսական սուբյեկտի թույլ է տալիս անհատույց տեղեկատվություն հրապարակել ապրանքների և ծառայությունների, պոտենցիալ և գործող ներդրումային նախագծերի, բիզնես միջոցառումների, ներդրողների համար տարածաշրջանային պրեֆերենցիաների (արտոնությունների), ինչպես նաև Միության՝ բիզնեսի զարգացման, տարածաշրջանների միջև կոոպերացիայի և առևտրատնտեսական համագործակցության խթանման հնարավորությունների մասին:

Նշվել է Կրասնոյարսկի երկրամասի և Ղրղզստանի շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Կրասնոյարսկի և Տամչիի (Իսիկ Կուլ) միջև ուղիղ չվերթերի հաստատումը, որը, մասնավորապես, կօգնի այս շրջանների զբոսաշրջային ներուժի բացահայտմանը։

ԵՏՀ պատվիրակությունը մասնակցել է նաև «Ռուսաստանի Դաշնությունում և Ղրղզստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների կոոպերացիայի հնարավորությունները» բիզնես նստաշրջանին, որի շրջանակներում պատասխանել է ձեռնարկատիրական համայնքի հետաքրքրող հարցերին։

Ռուս-Ղրղզական 11-րդ միջտարածաշրջանային խորհրդաժողովի կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը: