Նորություններ

16.02.2023

ԵԱՏՄ երկրներին առաջարկվում է պահպանել աշխատանքային միգրացիայի ոլորտում վարչական ընթացակարգերի բացության և պարզության սկզբունքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փետրվարի 14-ի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրներին առաջարկել է կատարելագործել ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային միգրացիայի կարգավորման մոտեցումները։

Անդամ պետություններին, մասնավորապես, առաջարկվել է պահպանել Միության երկրների աշխատավորների կողմից աշխատանքային գործունեության իրականացման հետ կապված վարչական ընթացակարգերի բացության և պարզության սկզբունքը: Նշվել է, որ դա կնպաստի նրանց հարմարավետության մակարդակի բարձրացմանը և կօգնի ավելի արդյունավետ լուծել ԵԱՏՄ հիմնական խնդիրներից մեկը՝ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը։

Առաջարկվում է աջակցել էլեկտրոնային տարբերակով աշխատողների հետ աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի կնքմանը: Դա թույլ կտա տեղափոխել աշխատանքային հարաբերությունների հեռավար ձևերը օրենսդրական դաշտ, ինչն իր հերթին կնպաստի, մի կողմից, աշխատավորների՝ Միության մասին պայմանագրով նախատեսված իրավունքների և սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացմանը, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության և վիճակագրական հաշվառման արդյունավետության բարձրացմանը։

ԵԱՏՄ երկրներին նաև առաջարկվել է անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրել այնպիսի կարգավիճակ, որը զբաղվածության երկրում երկարաժամկետ մնալու իրավունք է տալիս։ Մինչ այժմ մի շարք անդամ պետություններում մեկ տարուց ավելի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքած աշխատավորները չեն ունեցել նման պայմանագրերի գործողության ամբողջ ժամկետով միգրացիոն հաշվառման հնարավորություն:

Բացի այդ, առաջարկվում է ապահովել պետական ծառայությունների հասանելիությունը միութենական երկրների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների համար։ Դա պայմանավորված է պետական ծառայությունների պաշտոնական պորտալների օգտագործման որոշակի սահմանափակումներով: Օրինակ, ազգային փաստաթղթերով պորտալներում գրանցվելը նրանց համար դժվար կամ նույնիսկ անհնար է:

ԵՏՀ Կոլեգիայի կողմից ընդունված փաստաթղթի իրականացումը մեծապես կփոխի իրավիճակը դեպի լավը և Միության երկրներին թույլ կտա համատեղ ավելի արդյունավետ կարգավորել աշխատանքային միգրացիոն հոսքերը։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին