Համագործակցության հեռանկարային ոլորտները, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական հարցեր քննարկվել են ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովայի և Եվրասիայի սպառողների միության հիմնադիրների հանդիպմանը։
«Աշխարհի խոշորագույն տարածաշրջանում սպառողների հասարակական միավորումների գործունեության համար պայմանների ստեղծումը սպառողների իրավունքների պաշտպանության համաձայնեցված քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, որն ամրագրվել է ԵԱՏՄ մասին պայմանագրով,- նշել է Նատալյա Ժուկովան։ - Հասարակական կազմակերպությունները զգալի աջակցություն են ցուցաբերում պետական մարմիններին քաղաքացիների իրավական պաշտպանության հարցում, օգնում են լուծել սպառողների բազմաթիվ հիմնախնդիրներ, ինչը հատկապես կարևոր է տնտեսական վերափոխումների շրջանում»։
Եվրասիայի սպառողների միության ղեկավար Սվետլանա Ռոմանովսկայան հայտնել է, որ այս կազմակերպությունը ստեղծվել է Ղազախստանում քաղաքացիների շահերի պաշտպանության և Միության միասնական շուկայում անդրսահմանային սպառողական վեճերի լուծմանը աջակցելու նպատակով։ Այն միավորել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ավելի քան 200 հասարակական սպառողական կազմակերպություն։
Եվրասիայի սպառողների միության հիմնադիրներն են Բելառուսի սպառողների իրավունքների պաշտպանության ընկերությունը, Ղազախստանի սպառողների ազգային լիգան, Ռուսաստանի Դաշնության սպառողների միությունը և Սպառողների ընկերությունների միջազգային համադաշնությունը:
Ինչպես հայտնել է Նատալյա Ժուկովան, կատարված հետազոտությունները թույլ են տվել գնահատել հանրային սպառողական միավորումների զարգացման վիճակը և բացահայտել խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված են Միության երկրների համար Հանձնաժողովի հանձնարարականները: Եվրասիայի սպառողների միավորման ստեղծումը Հանձնաժողովի հանձնարարականների գործնական կիրառման լավագույն օրինակն է, որը թույլ կտա միասնական դրոշի ներքո համախմբել հասարակության ջանքերը և քաղաքացիներին կտա Միության շուկայում իրենց իրավունքները պաշտպանելու նոր հնարավորություններ։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում փոխգործակցության հեռանկարների շուրջ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Միության իրավունքում սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմների ձևավորման վերաբերյալ հետազոտությունների անցկացման առումով փոխգործակցության ամրապնդումը։
Միջոցառումների արդյունքներով մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր ուղղություններով համագործակցության խորացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման խնդիրների համատեքստում, որոնք նախատեսված են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրով։
Հանդիպմանը մասնակցել են Եվրասիայի սպառողների միության ներկայացուցիչներ՝ Բելառուսի սպառողների իրավունքների պաշտպանության ընկերության նախագահ Աննա Սուշան, Ղազախստանի սպառողների ազգային լիգայի նախագահ Սվետլանա Ռոմանովսկայան, Ռուսաստանի Դաշնության սպառողների միության նախագահ Պյոտր Շելիշչը, Սպառողների ընկերությունների միջազգային համադաշնության վարչության նախագահ Դմիտրի Յանինը:
ԵԱՏՄ-ում գրանցված է և գործում է շուրջ 1.3 հազար սպառողների հասարակական միավորում, որոնց 95%-ը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ընդ որում, հաշվի առնելով Միության երկրների ընդհանուր բնակչության թվաքանակը՝ 1 հասարակական սպառողական կազմակերպությանը բաժին է ընկնում մոտ 140 հազար սպառող։