Նորություններ

23.01.2023 (Обновлено: 24.01.2023 17:21)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2023 թվականին Միության մարմիններում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ

2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը ստանձնեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահությունը։

Եվրասիական տնտեսական միությունը 2015 թվականին իր հիմնադրումից ի վեր անշեղորեն զարգանում է՝ ցուցադրելով իր արդյունավետությունն ու պահանջված լինելը։ Միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի բացարձակ ծավալն այս ժամանակահատվածում աճել է 60%-ով և 2021 թվականին հասել պատմական մաքսիմումը՝ 73,1 մլրդ դոլարի, իսկ արտաքին առևտրի ծավալն աճել է 46%-ով և կազմել 846,3 մլրդ դոլար։ Միաժամանակ Միության ներքին առևտրաշրջանառության մեջ տարեցտարի աճում է բարձր ավելացված արժեք ունեցող ոչ հումքային ապրանքների բաժինը։ Ընդհանուր ՀՆԱ աճը՝ մեկ շնչի հաշվով, կազմել է 28,7%, իսկ ազգային արժույթով վճարումների տեսակարար կշիռը մոտեցել է 75%-ին։

Մեր սերտ ինտեգրումը դարձել է համավարակի և մի շարք երկրների կողմից անօրինական պատժամիջոցների կիրառման հետևանքով սրված այնպիսի գլոբալ խնդիրների արժանի պատասխանը, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների պակասը, այդ թվում՝ դրանցից կարևորագույնները՝ սննդամթերքը, ջուրը և էներգակիրները։ Ակնհայտ է, որ Միությունն ունի բոլոր հնարավորությունները ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը դառնալու, մեր արժեքները կիսող և ԵԱՏՄ հետ համագործակցությանը ձգտող բոլոր անկախ պետությունների համար գրավչության կենտրոն լինելու համար:

Իհարկե, մենք կանենք հնարավորը բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում ինտեգրման հետագա խորացմանը նպաստելու համար։ Այս առումով նպատակահարմար ենք համարում միասին գնահատել գործող «Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» իրականացման առաջընթացը և արդեն ընթացիկ տարում սկսել երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթերի նախապատրաստումը, որոնք կորոշեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորները մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածների համար։

Ակնհայտ է, որ համատեղ աշխատանքի կարևորագույն ռազմավարական առաջնահերթություններից մեկը պետք է դառնա ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական ներուժի զարգացումը, այս ոլորտում իրական անկախության և ինքնաբավության ձեռքբերումը։ Առաջարկում ենք միավորել ջանքերը տնտեսության առաջատար ոլորտներում առաջադեմ գիտատեխնիկական լուծումների մշակման ու ներդրման գործում, ինչպիսիք են ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերությունը, տրանսպորտային մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը, թվային էկոհամակարգերը, այլընտրանքային էներգետիկան, գյուղատնտեսական մեքենաշինությունը, կենսատեխնոլոգիաները և սերմնաբուծությունը։

Օրակարգում է նաև թվային փոխակերպման ոլորտում փոխգործակցության ակտիվացումը։ Մասնավորապես, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի և արտադրանքի շրջանառության մշտադիտարկման վերազգային համակարգերի գործարկումը թույլ կտա հայտնաբերել և միութենական շուկայից հեռացնել ոչ անվտանգ և անորակ ապրանքները: Անհրաժեշտ է արագացնել Միության անդամ պետություններում էլեկտրոնային իրավաբանորեն կարևոր փաստաթղթաշրջանառության համաձայնեցված ներդրման գործընթացը՝ իրավական և տեխնոլոգիական պայմաններ ապահովելով նման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար։ Կարևոր է, որ տնտեսական գործունեության ոլորտի թվային տեխնոլոգիաները և լուծումները ներդրվեն ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ ընդհանուր սկզբունքների և մոտեցումների հիման վրա, որոնք նպատակահարմար է ամրագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի առանձին ակտով։

Մեր երկրներն ունեն հզորագույն ագրոարդյունաբերական բազա, որը թույլ է տալիս ոչ միայն երաշխավորված կերպով ապահովել մեզ անհրաժեշտ բոլոր գյուղատնտեսական մթերքներով, այլև զգալի ծավալներով պարենամթերք արտահանել։ Պարենային անվտանգության ամրապնդման նպատակով առաջարկում ենք համատեղ մշակել գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցների լայն շրջանակ։

Նշեմ, որ ԵԱՏՄ ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում էներգետիկայի ոլորտում։ Անկասկած, ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման աշխատանքները պետք է շարունակվեն համակարգված և ստուգված հիմունքներով։ Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ամենաառաջադեմ տեխնոլոգիաների տիրապետելը թույլ կտա վստահորեն լուծել էներգետիկ անցման խնդիրը։

Հրատապ խնդիր է տնտեսական ռիսկերի հետևողական նվազեցումը, որոնք փոխադարձ առևտրի համար ստեղծվում են արտարժույթի և վճարային համակարգերի օգտագործման արդյունքում։ Հիմք ենք ընդունում այն, որ Միության ներսում կայուն հաշվարկային հարաբերությունների անբաժանելի պայման է Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին գործընկերների ներգրավումը և ազգային վճարային համակարգերի միջև միջհամակարգային փոխգործակցության զարգացումը։ Ֆինանսական շուկաների ներդաշնակեցումը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի անդամ երկրների կապիտալը մնա միավորման ներսում ու ներդրվի ազգային տնտեսություններում։ Բացի այդ, նպատակահարմար ենք համարում ուսումնասիրել Եվրասիական վարկանիշային գործակալության ձևավորման հնարավորությունը, որը գնահատման գործիքակազմ կապահովեր մեր մակրոտարածաշրջանի տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար։

Ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացումը մեծապես կախված կլինի նաև Միության ձեռնարկությունների համար մրցակցային պայմանների հարթեցումից, այդ թվում՝ հարկային կարգավորման մերձեցման, հարկային վարչարարության առաջադեմ մեթոդների ներդրման, ինչպես նաև մեր արտաքին սահմաններին ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ մաքսային ընթացակարգերի միասնականացման հաշվին:

Եվ, իհարկե, կշարունակենք աշխատել ժամանակակից տնտեսական իրողություններին լիովին համապատասխանող նոր տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի ձևավորման ուղղությամբ։ Այսօր առանձնահատուկ նշանակություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անկար, անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը:

Ինտեգրացիոն համագործակցության առանցքային ասպեկտներից է որակավորված կադրերի նախապատրաստումը և նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվրասիական աշխատաշուկան պետք է համապատասխանի բարձր տեխնոլոգիական արտադրությունների զարգացման, արտադրական գործընթացներում թվային տեխնոլոգիաների ներդրման լայնածավալ խնդիրներին։ Այս առումով կարևոր է ձգտել ազգային գիտատեխնիկական ծրագրերի ներդաշնակեցմանը, ընդհանուր կրթական և մասնագիտական ստանդարտների մշակմանը, կրթության համատեղ ծրագրերի և տեխնիկական և հումանիտար առարկաների ընդհանուր դասագրքերի գործարկմանը: Պետք է զարգացնել նաև միջբուհական ստաժավրման և ակադեմիական փոխանակումների պրակտիկան: Եվ ընդհանրապես, հումանիտար թեմաները՝ կրթության, մշակույթի, սպորտի հարցերը, չպետք է դուրս մնան մեր ինտեգրումից։ Իհարկե, միևնույն ժամանակ պետք է ավելի ակտիվ զբաղվել Եվրասիական տնտեսական միության, դրա ձեռքբերումների ու հնարավորությունները հանրայնացմամբ մեր երկրների բոլոր քաղաքացիների համար։

Հատուկ ընդգծեմ արտաքին գործընկերների ու միջազգային միավորումների հետ Միության փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման կարևորությունը։ Ակնհայտ է երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի իրականացման դրական արդյունքը։ Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել Եգիպտոսի, Իրանի և Հնդկաստանի հետ նմանատիպ համաձայնագրերի շուրջ տարվող աշխատանքներն ավարտին հասցնելուն, ինչպես նաև բանակցային նոր ուղղություններ ակտիվացնել, այդ թվում՝ Ինդոնեզիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ «Միութենական» արտադրանքի արտահանման ավելացմանը և նոր լոգիստիկ շղթաների ստեղծմանը կնպաստեր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ ԵԱՏՄ միջազգային կապերի և շփումների աշխարհագրության ընդլայնումը: Մեր միավորումը կարող է կատարել Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման առանցքային կենտրոններից մեկի դերը։

Այս բոլոր լայնածավալ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կլինի կատարելագործել մեր ստեղծած վերազգային ինստիտուտները, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Այս առումով անհրաժեշտ ենք համարում ընդլայնել վերջինիս իրավասությունները և քննարկել ԵՏՀ-ին ավելի մեծ լիազորություններ պատվիրակելու վերաբերյալ առաջարկներ։ Միաժամանակ, բոլոր առանցքային որոշումները, ինչպես նախկինում, պետք է ընդունվեն կոնսենսուսով։ Այս սկզբունքը մնում է հիմնական արժեքը, ընդհանուր ձեռքբերումը և մրցակցային առավելությունը:

Ավելի քան մեկ հազարամյակ շարունակ մեր ժողովուրդները միասին են ապրում և համատեղ յուրացնում իրենց աշխարհագրական տարածքը։ Միության երկրների ժողովուրդների պատմական ճակատագրի ընդհանուր ըմբռնումը, դարավոր տնտեսական կապի գիտակցումը, մշակութային ու սոցիալական ընդհանրության պահպանումն ու ամրապնդումը մեր ամբողջ գործունեության հաջողության գրավականն է։

Ակնկալում ենք ԵԱՏՄ անդամ պետությունների սերտ համագործակցություն և աջակցություն 2023 թվականին Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների գործնական իրականացման գործում։ Համոզված ենք, որ միասին նոր նշանակալի արդյունքների կհասնենք ինտեգրացիոն համագործակցության զարգացման գործում՝ ի շահ մեր ժողովուրդների։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտին