Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության իրականացման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսդրությունում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Դրանք վերաբերում են ԵԱՏՄ երկրներից ապրանք ներմուծողների կողմից անուղղակի հարկերի (ԱԱՀ և ակցիզների) վերաբերյալ հաշվետվությունների ներկայացմանը։
Փոփոխությունները պայմանավորված են Ռուսաստանի ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) ռեզիդենտների կողմից Միության երկրներից ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ-ի վճարման հատուկ ընթացակարգի ներդրմամբ և կոչված են ապահովել ԵԱՏՄ և երրորդ երկրների ապրանքների նկատմամբ անուղղակի հարկերի գանձման հավասար պայմաններ:
Այժմ, Ռուսաստանի նորացված օրենսդրությանը համապատասխան, Միության պետություններից ապրանքներ ներկրողները պետք է հաշվետվություն ներկայացնեն ԱԱՀ-ի և ակցիզային հարկերի վերաբերյալ ոչ ուշ, քան 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։ Համապատասխան հայտարարագրի նոր ձևը, լրացման կարգը և էլեկտրոնային տեսքով ներկայացման ձևաչափերը ուժի մեջ են մտել այս տարվա օգոստոսի 13-ից։
Բացի այդ, ազատ տնտեսական գոտու ռեզիդենտների համար անուղղակի հարկերի հայտարարագրի ձևը լրացվել է նոր՝ 1.1-ին բաժնով ԵԱՏՄ տարածքից նրանց կողմից Ռուսաստանի ԱՏԳ ներմուծվող ապրանքների համար։ 060 տողը նախատեսված է 180 օրացուցային օրվա ընթացքում ԱԱՀ-ով իրացված ապրանքների համար, 070 տողը՝ նույն ժամկետում չիրացված և (կամ) առանց ԱԱՀ-ի իրացված ապրանքների համար: Փոփոխությունների մասով հայտարարագիրը լրացնելու կարգը արտացոլված է Ռուսաստանի ԴՀԾ համապատասխան հրամանի N 3 հավելվածում:
Ռուսաստանի հարկային օրենսդրության արդիականացումը Միության պետություններից ԱՏԳ-ի տարածք ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ-ով հարկման ոչ խտրական կարգի ապահովման համալիր աշխատանքի վերջին փուլն է:
Տեղեկանք
2021 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայում Միության պետությունների ղեկավարների կողմից ստորագրված ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ին։