Նորություններ

16.11.2023

ԵԱՏՄ երկրները թևակոխել են կայուն աճի հետագիծ

Այս եզրակացությանն են եկել նոյեմբերի 15-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» կայացած «Ինտեգրում» եվրասիական բիզնես համաժողովի մասնակիցները։ Համաժողովի լիագումար նիստը նվիրված էր Մեծ Եվրասիական գործընկերությանը և առաջանցիկ զարգացման ռազմավարությանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար, լիագումար նստաշրջանի մոդերատոր Սերգեյ Գլազևը հայտնել է, որ հանձնաժողովը ներկայումս Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի նախագծի վրա։ Զեկույց է պատրաստվում նաև ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։ Երկու փաստաթուղթն էլ նախատեսվում է ներկայացնել պետությունների ղեկավարներին դեկտեմբերին։

«Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճում ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ ունեն Ղրղզստանը և Հայաստանը։ Ղազախստանում և Ռուսաստանում արդյունքները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ արտահայտմամբ՝ ամենևին էլ պակաս չեն։ Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումն ապահովում է տնտեսական ակտիվության միանգամայն բարձր աճ, ընդ որում, աճի հնարավորությունները հսկայական են», - հայտնել է Սերգեյ Գլազևը։ 

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների բեռնումը 60%-ից մի փոքր ավելի է, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ծավալների ավելացման համար։ Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ունի ներմուծման փոխարինման հսկայական ներուժ։ 

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն իր հերթին ասել է, որ ԵԱՏՄ ստեղծման պահից փոխադարձ առևտուրը գրեթե կրկնապատկվել է, արտաքին գործընկերների հետ՝ աճել 60%-ով։ Ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 9%-ով և կազմել մոտ 4.5 տրլն ռուբլի։

«2023 թվականին մեզ հաջողվել է դուրս գալ ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի կայուն աճի հետագիծ՝ 3 % ընթացիկ տարվա ինն ամսվա համար։ Դա այն դեպքում, երբ Միության երկու անդամ պատժամիջոցների ճնշման տակ են, և այդուհանդերձ մեր ընդհանուր ՀՆԱ-ն աճում է 3%-ով», - ասել է Դմիտրի Վոլվաչը։

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն անդրադարձել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգին՝ նշելով, որ Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաները նախատեսվում է գործարկել 2025 թվականի հունվարի 1-ից։ 

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը թևակոխել է վերջնական փուլ, երբ ազգային մակարդակով կանոնակարգման վերադարձն այլևս հնարավոր չէ։ Սակայն հետագա շարժմանը խոչընդոտում է պետական մակարդակով ազդեցության գործիքներն ի վնաս ինտեգրման հնարավորությունների պահպանելու միտումը։

Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության խորհրդական դեսպանորդ Լյու Ցինհուան ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգորդման աշխատանքների վերաբերյալ իր տեսակետները։ «Զուգորդումն ու համագործակցությունը համապատասխանում է պատմական զարգացման ընթացքին և արտացոլում է երկրների շահերը»,- ընդգծել է նա։ 

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևն ասել է, որ ԵԱՏՄ-ում ընդունված արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման ծրագիրը կարևոր նորամուծություն է բիզնեսի համար, և հույս հայտնել, որ ծրագրին կկարողանան մասնակցել փոքր և միջին բիզնեսի մեծ թվով ներկայացուցիչներ։ 

«Միավորված տրանսպորտալոգիստիկ ընկերություն - Եվրասիական երկաթուղային դաշինք» ԲԸ («ՄՏԼԸ ԵԵԴ» ԲԸ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գրոմը հայտնել է բեռնափոխադրումների զարգացման դինամիկայի մասին, իսկ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Յագոդկինան անդրադարձել է տարանցիկ փոխադրումների պարզեցման և արագացման հարցերին։ 

Լիագումար նիստում ելույթ են ունեցել նաև Ռոսստանդարտի ղեկավար Անտոն Շալաևը, որը բարձրաձայնել է չափումների միասնության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականության բացակայության խնդիրը, «ԼՎՕ» ՍՊԸ (Բելառուսի Հանրապետություն) տնօրեն Օլեգ Կոնդրատենկոն և Ազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Տատյանա Գրիգորևան, որն անդրադարձել է ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների մակարդակով կայուն զարգացման օրակարգերի ինտեգրմանը։

Տեղեկանք

«Ինտեգրում» եվրասիական գործարար համաժողովը անցկացվում է 2019 թվականից ի վեր ամեն տարի և հանդիսանում է միջազգային քննարկումների հարթակ՝ արդյունաբերական և տնտեսական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և բարեկամ երկրների տարածքում ձեռնարկատերերի միջև փոխգործակցության զարգացման համար։