Նորություններ

14.12.2023

2024 թվականին ԵԱՏՄ-ում հատուկ ուշադրություն են դարձելու ձեռնարկատերերի և սպառողների միջև վստահության ձևավորմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային խորհրդատվական կոմիտեի նիստում որոշվել են սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության երկրների Համատեղ գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքի ուղղությունները, որոնք գերակա կդառնան 2024թվականին: Միության երկրների համար նախատեսված համապատասխան հանձնարարականը կներկայացվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում կայանալիք Հանձնաժողովի կոլեգիայի նիստում։

Համաձայն նշված Ծրագրի՝ 2024 թվականի թեման հետևյալն է. «Սպառող և ձեռնարկատեր. վստահություն հանուն զարգացման»:   

Խորհրդատվական կոմիտեի նախագահ,ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն նշել է. «Միության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի միջպետական ծրագիրը երկրների համատեղ աշխատանքը դուրս է բերել համակարգային պլանային մակարդակի։ Նման աշխատանքի արդյունքները հիմք կդառնան եվրասիական «հնգյակի» երկրների սոցիալտնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների առաջանցիկ ձևավորման համար՝ որը հիմնված կլինի իշխանության, հասարակության և բիզնեսի շահերի ներդաշնակ հավասարակշռության վրա»։  

ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկոն ընդգծել է, որ անդամ պետությունների մակարդակով սպառողի և ձեռնարկատիրոջ փոխգործակցության խնդիրների բաց և համակողմանի քննարկումը հիմք է ստեղծում Միության թափանցիկ և արդար սպառողական շուկայի զարգացմանն ուղղված արդյունավետ միութենական լուծումների մշակման համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ-ում հանրային սպառողական կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորման հարցերը, որոնք ներկայացված են Հանձնաժողովի կողմից պատրաստված ակնարկում:

Հավանության է արժանացել ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականների նախագիծը, որը պատրաստվել է Բելառուսի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի անդամների նախաձեռնությամբ՝ ԵԱՏՄ անդամ պետություններում սպառողների հանրային միավորումների գործունեությանն աջակցելու նպատակով։

Քննարկվել են ֆինանսական և իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաև տեխնիկապես բարդ ապրանքների հետվաճառքային սպասարկման և վերանորոգման ծառայություններ մատուցելիս սպառողների իրավունքների պաշտպանության արդիական խնդիրները:

Կայացած նիստի արդյունքում նախանշվել է առաջադրված խնդիրների լուծմանը և Միության երկրների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա աշխատանքի պլանը:

Տեղեկանք

Տարվա թեման որոշվում է տարեկան կտրվածքով՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների ծրագրին համապատասխան։ 2023 թվականին երկրների համատեղ աշխատանքն իրականացվում է «Գրագետ սպառող՝ պատասխանատու բիզնես» կարգախոսի ներքո։