Նորություններ

17.03.2023 (Обновлено: 21.03.2023 13:16)

Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ երկրները պատրաստ են համատեղ հաղթահարել էներգետիկայի ոլորտում առկա մարտահրավերները»

Եվրասիական տնտեսական միության պետությունների առջև ծառացած էներգետիկայի ոլորտի մարտահրավերները և դրանք համատեղ ջանքերով հաղթահարելու պատրաստակամությունը նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը «ԷՎԱ, նորարարական մշակումները և թվային փոխակերպումը առանձնահատուկ տնտեսական պայմաններում» թեմայով Եվրասիական տնտեսական միության երկրների միջազգային էներգետիկ համաժողովում, որը տեղի է ունեցել մարտի 16-ից 17-ը Բիշքեկում։

Համաժողովը կազմակերպվել է Ղրղզստանի Էներգետիկայում կանանց ընկերակցության կողմից ԵՏՀ-ի հետ համատեղ և նվիրված է ԵԱՏՄ պետությունների էներգետիկ հաշվեկշիռներում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնմանը, էներգետիկայի թվային փոխակերպմանը և կադրային ներուժի զարգացմանը:

ԵՏՀ նախարարը շեշտը դրել է էներգիայի վերականգնվող աղբյուրների ակտիվ օգտագործմանը և դրա հետ կապված ածխածնազերծման գործընթացին, ցածր ածխածնային զարգացմանն անցնելուն։ «Ցածր ածխածնային զարգացմանն անցնելու արդյունքներից մեկը կլինի հանածո օրգանական վառելիքի պահանջարկի նվազումը և էներգիայի վերականգնվող և այլ կանաչ աղբյուրների դերի բարձրացումը», - կարծում է Արզիբեկ Կոժոշևը:

Համաժողովին մասնակցել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին, որն ընդգծել է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների հետ մեկտեղ զարգացման հեռանկարային ոլորտների ցանկը ներառում է ջրածնային և միջուկային էներգետիկան։

Եվրասիական «հնգյակի» երկրներում այսօր ակտիվորեն զարգանում են ԷՎԱ բոլոր տեսակները՝ ինչպես համեմատաբար նոր՝ արևի, քամու, մակընթացությունների, երկրաջերմային աղբյուրների, ալիքների էներգիան և այլն, այնպես էլ ավանդական՝ հիդրոէներգետիկան և կենսազանգվածի օգտագործումը։

Համաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես են եկել ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի, Եվրասիական զարգացման բանկի, ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, գիտական և գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Տեղեկանք

Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին շահագործման են հանձնվել մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայան, որոնց շինարարությունը 37 մլն դոլարի չափով ֆինանսավորել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)։ Հայաստանում ԱԷԿ (արևային էլեկտրակայանների) ներուժը գնահատվում է 8 ԳՎտ։

Բելառուսի Հանրապետությունում 2021 թվականի արդյունքներով օգտագործվող ԷՎԱ ընդհանուր հզորությունը կազմել է 500 ՄՎտ, իսկ մինչև 2025 թվականը նախատեսվում է այն հասցնել 630 ՄՎտ-ի։ Որոշում է ընդունվել ԷՎԱ զարգացումը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 8%-ի հասցնելու մասին։

Ղրղզստանի Հանրապետությունը ԷՎԱ ոլորտում մեծ ներուժ ունի, որը գնահատվում է 5 մլրդ կՎտժ*տարի ջրային օբյեկտներում, ավելի քան 490 մլն կՎտժ*տարի՝ արևային և 45 մլն կՎտժ*տարի՝ հողմային օբյեկտներում։ 

Ղազախստանի Հանրապետությունում 2021 թվականի ընթացքում ԷՎԱ արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը գերազանցել է պլանային ցուցանիշները։ Այժմ Ղազախստանում գործում է 136 էներգիայի վերականգնվող աղբյուր՝ 2065 ՄՎտ դրվածքային հզորությամբ. 40 հողմային էլեկտրակայան՝ 684 ՄՎտ հզորությամբ, 51 արևային էլեկտրակայան՝ 1093 ՄՎտ հզորությամբ, 40 հիդրոէլեկտրակայան՝ 280 ՄՎտ հզորությամբ, 5 բիոէլեկտրակայան՝ 8 ՄՎտ հզորությամբ։ 2021 թվականին շահագործման է հանձնվել 19 օբյեկտ՝ 393 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

Ռուսաստանի Դաշնությունում ԷՎԱ ներդրման ընդհանուր ծավալը մեծածախ և մանրածախ շուկաներում 2021 թվականին կազմել է 1217 ՄՎտ։ Միայն 2021 թվականի 4-րդ եռամսյակում Ռուսաստանում հայտնվել է ԷՎԱ գեներացման 12 նոր օբյեկտ՝ 8 հողմային էլեկտրակայան և չորս արևային էլեկտրակայան։ ԷՎԱ գեներացման հզորությունն ավելացել է 656,4 ՄՎտ-ով։ 2021 թվականի արդյունքներով ԷՎԱ գեներացման օբյեկտներն արտադրել են ավելի քան 5,2 միլիարդ կՎտ*ժ էլեկտրաէներգիա։