Նորություններ

26.05.2022 (Обновлено: 14.06.2022 16:57)

Բիշքեկում կայացած համաժողովին գնահատել են ԵԱՏՄ երկրների էներգամիջանցքների ստեղծման հեռանկարները

Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկ միջանցքների ստեղծման հեռանկարները դարձել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին նվիրված պանելային քննարկման թեման: Այս ոլորտի փորձագետներն իրենց կարծիքն են հայտնել մայիսի 26-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողով- 2022-ի հարթակում:

Գլոբալ մարտահրավերների, համաշխարհային տնտեսության ճգնաժամի ուժեղացման և պատժամիջոցների ճնշման պայմաններում հատկապես արդիական են դառնում ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման, արտաքին պայմաններից, գործընթացներից և դրանց կայուն զարգացումը վտանգող գործոններից անկախանալու հարցերը:

Նման իրավիճակում ուժեղանում են եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների դերն ու արժեքը և նրանց կողմից համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացումը։ Խոսքն առաջին հերթին մրցունակ էներգետիկ շուկաների ստեղծման միջոցով էներգետիկ միագումար ներուժի արդյունավետ օգտագործման մասին է։

Ընդ որում, անդամ պետությունների ջանքերը պետք է կենտրոնանան այն հարցերի վրա, որոնք կապված են ԵԱՏՄ շրջանակներում ռեսուրսային բազայի ձևավորման, առաջարկի և պահանջարկի կանխատեսման, էներգաոլորտում ներդրումների ներգրավման, էներգամատակարարման անվտանգության և նոր տեխնոլոգիաների զարգացման հետ:

«Ընթացիկ պայմաններում կարևոր է կենտրոնանալ ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման վրա, միավորել մեր ջանքերը Եվրասիական ինտեգրման առավելությունների արդյունավետ օգտագործման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովը:

Անդամ պետությունների էներգետիկայի ոլորտների զարգացման հեռանկարներին իրենց հայացքով են կիսվել Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկայի նախարարները։

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետք է նոր խողովակաշարեր կառուցել և ընդլայնել գործողները։ Էական հեռանկարներ ունի դեպի Հարավային Ասիա գազատարի նախագիծը։ Նա նաև նշել է արմատական փոփոխությունները, որոնք ստիպում են վերաիմաստավորել անվտանգության հարցերն ու գազի և այլ ապրանքների մատակարարման նոր միջանցքները:

Շուլգինովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դիտորդի կարգավիճակ ունի ԿԱ երկրների համակարգող էներգահամակարգի կազմում, սակայն կցանկանար դառնալ նրա լիիրավ անդամ: «Այսօր մոտակա պլաններից է միասնական համակարգից 2009 թվականին դուրս եկած Տաջիկստանի էներգահամակարգի հետ սինխրոնացումը։ Բայց կա նաև CASA-1000 կարևոր նախագիծը, որով շահագրգռված են Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը», — կիսվել է Նիկոլայ Շուլգինովը ԵԱՏՄ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների մասին։

ՌԴ նախարարը ենթադրել է, որ հնարավոր է Սիբիրից Ղրղզստան և Ղազախստան էներգիայի փոխանցում, ինչն իր հերթին թույլ կտա հարթել բոլոր խնդիրները և կդառնա ինտեգրման արդյունավետ օգտագործման տարրերից մեկը: «Տարածաշրջանային համագործակցությունը կօգնի մեզ դիմակայել ուժեղագույն սպառնալիքներին և ուժեղացնել ինտեգրումը», — եզրափակել է նա: 

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական համաժողովը՝ տնտեսական ոլորտում Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառում է, որը հերթականությամբ անցկացվում է Միության՝ ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահող պետություններում։ 

Համաժողովին մասնակցությունն անվճար է։ Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։ 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին