Նորություններ

17.06.2022 (Обновлено: 29.06.2022 12:31)

ՊՄՏՀ-2022. մշակվել են կոնկրետ առաջարկություններ նոր տնտեսական իրականության պայմաններում ԵԱՏՄ-ի և Լատինական Ամերիկայի առևտրաներդրումային համագործակցության խթանման ուղղությամբ

Համաշխարհային տնտեսության վերափոխման պայմաններում լատինաամերիկյան տարածաշրջանի գործընկերների հետ ԵԱՏՄ երկրների համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են «Ռուսաստան-Լատինական Ամերիկա» գործարար երկխոսության ընթացքում, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, որն իր ելույթում նշել է ԵԱՏՄ-ի և լատինաամերիկյան տարածաշրջանի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ արևմտյան պատժամիջոցների քաղաքականության պայմաններում ծագած առևտրային արգելքները հաղթահարելու նպատակով:

«ԵԱՏՄ-ն և Լատինական Ամերիկան կապում են փոխգործակցության զարգացած ենթակառուցվածքը՝ համագործակցության հուշագրերի ցանցը, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների մեծ մասի հետ, որոնք միավորում են լատինաամերիկյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, – ասել է Սերգեյ Գլազևը, – Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի տնտեսական էֆեկտ ստանանք ապրանքաշրջանառության վստահ աճի տեսքով, որը համապատասխանում է մեր տնտեսական ներուժին, և այդ աշխատանքը պետք է կառուցվի նոր տնտեսական իրողությանը համապատասխան»:

Նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ փոփոխությունը, որը կարող է ԵԱՏՄ-ի և Լատինական Ամերիկայի միջև առևտուրը բարձրացնել որակապես նոր մակարդակի, կարող է դառնալ ապրանքային հաշվարկների նոր արժութային համակարգին անցումը:

«Մենք կանգնած ենք միջազգային իրավունքի վրա հիմնված նոր համաշխարհային հաշվարկային արժույթ ստեղծելու անհրաժեշտության առաջ, որպեսզի խուսափենք պատժամիջոցների պատճառով հետագա կորուստներից», - ընդգծել է Հանձնաժողովի ներկայացուցիչը:

Խոսելով ավելի արդար և կայուն համաշխարհային կարգի ձևավորման գործընթացում ԲՐԻԿՍ-ի աճող դերի մասին, Սերգեյ Գլազևը, ինչպես և նստաշրջանի մյուս բանախոսները, ենթադրել է, որ այդ միջպետական միավորումը կարող է դառնալ «միջուկ», որը կգործարկի նոր արժութաֆինանսական և առևտրատնտեսական ճարտարապետությունը:

«ԲՐԻԿՍ-ը ներառում է երկրներ, որոնք գտնվում են ինչպես Եվրասիայում, այնպես էլ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում։ Եվ դա պոտենցիալ առումով ավելի մեծ է, քան ամբողջ արևմտյան աշխարհը՝ ըստ բնակչության, տնտեսության և գիտական ու տեխնոլոգիական ներուժի։ Սակայն այդ միավորման գործունեության համար անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ կառույցներ», - հայտարարել Է նախարարը։

Համաժողովի լուսանցքներում Սերգեյ Գլազևը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսասի հետ, որի ընթացքում կողմերը որոշել են 2022 թվականի երրորդ եռամսյակում 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսված սեմինարների թեմատիկան: ԵՏՀ ներկայացուցիչն արձանագրել է դեղագործության ոլորտում Միության և Կուբայի փոխգործակցության բարձր մակարդակը՝ շնորհավորելով այդ երկրին ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեին առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:

Իր հերթին, Ռիկարդո Կաբրիսասը ԵԱՏՄ ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Հավանայի FIHAV միջազգային տոնավաճառին, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերին:

Տեղեկանք

2021 թվականին Լատինական Ամերիկայի երկրների հետ Միության արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 54,4%-ով և կազմել 16,9 մլրդ դոլար, այդ թվում՝ Միության արտահանումն աճել է 2,2 անգամ՝ հասնելով 8,7 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը՝ 17,3%-ով՝ մինչև 8,3 մլրդ դոլար։ Լատինական Ամերիկայի երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը կազմում է Միության արտաքին առևտրաշրջանառության 2,1%-ը։

ԵԱՏՄ-ն և լատինաամերիկյան տարածաշրջանը փոխգործակցության շրջանակներում զարգացնում են երկխոսություն ինտեգրացիոն միավորումների (Անդյան հանրակցության, Խաղաղօվկիանոսյան դաշինքի, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈւՐ), Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման հարցերով քարտուղարության (ՍԻԵԿԱ) հետ, ինչպես նաև համագործակցում են առանձին երկրների (Կուբա, Չիլի, Պերու, Էկվադոր, Նիկարագուա, Վենեսուելա, Գվատեմալա, Արգենտինա, Կոլումբիա, Մեքսիկա) հետ:

«Ռուսաստան – Լատինական Ամերիկա» նստաշրջանին մասնակցել են նաև Նիկարագուայի ֆինանսների նախարար Իվան Ակոստա Մոնտալվանը, «Ինֆոտեխսպորտ» ՍՊԸ-ի (Ռոստեխ ՊԿ) գլխավոր տնօրեն Սերգեյ Գորեսլավսկին, Gazprom EP International BV-ի փոխտնօրեն Վլադիմիր Իլյանինը, Robotics Lab-ի գլխավոր տնօրեն Ռոդրիգո Կևեդոն, Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Դանիել Օրտեգա Ռեյեսը, Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգես Գոմեսը, Uniao Quimica Farmaceutica Nacional SA-ի տնօրեն Ռոժերիո Ռոսսոն, «ՖոսԱգրո» ԲԲԸ-ի վարչության անդամ Ալեքսանդր Շարաբայկոն և ուրիշներ։