Նորություններ

25.11.2022 (Обновлено: 02.12.2022 10:23)

ԵՏՀ Խորհուրդը միասնական պահանջներ է սահմանել շոկոլադի, շոկոլադե արտադրանքի և կակաոյի արտադրանքի նկատմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները։ Փոփոխությունները վերաբերում են շոկոլադի, շոկոլադե արտադրանքի և կակաոյի արտադրանքի նկատմամբ ԵԱՏՄ երկրների համար միասնական պահանջների սահմանմանը։
Տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների համաձայն՝ շոկոլադը ներառում է դառը, մուգ, սովորական, քաղցր, կաթնային, էքստրակաթնային, սպիտակ շոկոլադը, միջուկով շոկոլադը և շոկոլադի փոշին. շոկոլադե արտադրանքը՝ այն հրուշակեղենը, որը պարունակում է արտադրատեսակի ընդհանուր զանգվածի 25% և ավելի չափով շոկոլադի տարանջատված բաղադրիչ. կակաոյի մթերքը՝ քերած կակաոն, կակաոյի յուղը, կակաոյի փոշին, կակաոյի մանրուքը և կակաոյի քուսպը:

 

Նոր պարտադիր պահանջների համաձայն՝ ԵԱՏՄ-ում շրջանառության մեջ դրվող շոկոլադը պետք է պարունակի 35% և ավելի կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 18% և ավելի կակաոյի յուղ։

 

Շոկոլադի արտադրության համար չի թույլատրվում օգտագործել կենդանական ճարպեր՝ բացառությամբ կաթի ճարպի, սակայն թույլատրվում է օգտագործել կակաոյի յուղի համարժեքներ և (կամ) SOS տիպի կակաոյի յուղի բարելավիչներ, որոնց ընդհանուր զանգվածային բաժինը շոկոլադում չի կարող գերազանցել 5%-ը:

 

Շոկոլադի և կակաոյի մթերքի արտադրության համար չի թույլատրվում օգտագործել շոկոլադի կամ կակաոյի մթերքի համը և (կամ) բույրը նմանակող բուրավետիչներ։ Կաթնային, էքստրակաթնային և սպիտակ շոկոլադի արտադրության համար չի թույլատրվում օգտագործել կաթի կամ սերուցքի, կաթնային յուղի համը և (կամ) բույրը նմանակող բուրավետիչներ։

Միջուկով շոկոլադի դեպքում բաժանվող շոկոլադի արտաքին մասը պետք է կազմի 25% կամ ավելին։ Ընդ որում, միջուկով շոկոլադը չի ներառում հացաբուլկեղենը (այդ թվում՝ ամոքահունց), ալյուրի հրուշակեղենը և շոկոլադապատ պաղպաղակը։

Տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունները կնպաստեն սպառողական շուկան որակյալ արտադրանքով հագեցնելուն։

Փաստաթուղթը մշակել է Բելառուսի սննդի արդյունաբերության պետական կոնցեռնը («Բելգոսպիշչեպրոմ»): Շոկոլադին ներկայացվող պահանջները ներդաշնակեցված են Կոդեքս Ալիմենտարիուս միջազգային չափանիշներին։

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 210 օր հետո։