Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Թվայնացումը ժամանակակից իրողություններում. չորս ազատությունների ապահովման հրամայական» լիագումար նստաշրջանը։
Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Համաժողովին մասնակցել են նաև պատվավոր հյուրեր՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը։
Բակիտժան Սագինտաևը համաժողովում ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվայնացման գործընթացների Հանձնաժողովի տեսլականը։
«Հիմք ընդունելով ազգային կառավարությունների հաջող փորձը և գործարկելով ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները՝ մենք առաջ ենք քաշել Digital Union գաղափարը։ Դրա նպատակն է մեր ժողովուրդներին և բիզնեսին ցույց տալ եվրասիական տնտեսական ինտեգրման իրական օգուտները։ Ընդ որում, մենք ելնում էինք անդամ պետությունների թվային ինքնիշխանության անվերապահ անձեռնմխելիությունից»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։
Այս հայեցակարգը համաձայնեցվել է ԵԱՏՄ երկրների պրոֆիլային գերատեսչությունների հետ, որոնք պատասխանատու են թվայնացման համար։
Բակիտժան Սագինտաևը նշել է երեք հիմնարար սկզբունք, որոնց հիման վրա կկառուցվի Digital Union-ը, և որոնք որևէ կերպ չեն ազդում երկրի թվային ինքնիշխանության վրա:
Սա, առաջին հերթին, նորմատիվ և ենթակառուցվածքային լուծումների համատեղելիությունն է, որոնք կօգտագործվեն Digital Union-ի ձևավորման ժամանակ։ Այս առումով ազգային թվային հարթակների փոփոխություն չի պահանջվի:
Երկրորդ՝ կապահովվի ազգային թվային հարթակների համաժամացումը և անխափան փոխգործակցության հնարավորությունը։
Երրորդ սկզբունքը ինտեգրացիոն բնույթն է. Digital Union-ն ուղղված է բոլոր չորս «ազատությունների» թվայնացմանն այն ծավալներով և տեմպերով, որոնց պատրաստ են անդամ պետությունները. յուրաքանչյուր երկիր ըստ պահանջի կարող է միանալ ընդհանուր հարթակի տարրերին:
Նման սկզբունքները թույլ կտան կապակցել թվայնացման ոլորտում երկրների լավագույն լուծումները՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով դրանց հետագա մասշտաբավորման համար։
Կարևոր է նաև առանց տվյալների փոխանցման եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց նույնականացման և վավերացման փոխադարձ ճանաչվող համակարգի ձևավորումը։ Նշված համակարգերի փոխադարձ ճանաչման փորձնական ծրագիրն արդեն իսկ իրականացվում է ԵՏՀ կողմից՝ Հայաստանի և Ղրղզստանի հետ համատեղ, Ղազախստանը նախագծին միանալու ճանապարհին է:
«Մենք հետևողականորեն, հաշվի առնելով երկրների շահերը, կշարունակենք իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային առավելությունը՝ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման օրինական իրավունքը», - ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։