Եվրասիական տնտեսական միության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում կքննարկեն մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցները։ Միության երկրների փոխվարչապետների մասնակցությամբ «ԵԱՏՄ առաջնահերթությունները 2030+» նստաշրջանի շրջանակներում փորձագետները կարծիքներ կփոխանակեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ և կառաջարկեն ԵԱՏՄ զարգացման նպատակների ապահովման կոնկրետ քայլեր:
2023 թվականի հունվարի 23-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում առաջարկել է գնահատել գործող «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» իրականացման ընթացքը։ Նա նաև նպատակահարմար է համարել արդեն ընթացիկ տարում սկսել երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթերի նախապատրաստումը, որոնք կորոշեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածի համար։
«Մենք Եվրասիական տնտեսական միությունում ստեղծել ենք գործուն և արդյունավետ ինտեգրացիոն մոդել, Միությունը բազմաբևեռ աշխարհակարգի ինքնուրույն բևեռներից մեկն է։ Այսօր կարող ենք ասել, որ մեր կողմից առաջադրվող ցանկացած խնդիր կարող է իրականացվել։ Եվրասիական տնտեսական համաժողովում մենք կքննարկենք, թե ինչ առանցքային երկարաժամկետ նպատակի ենք ձգտում և ինչպես ապահովել մեր երկրների տնտեսական աճն ու և բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը», — նշել է Եվրասիական տնտեսահան հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Քննարկման ընթացքում փորձագետները կքննարկեն նաև ԵԱՏՄ ռազմավարական զարգացման նոր ուղղություններ, նախագծեր, որոնք կարող են նպաստել բարձր տեխնոլոգիական արտահանման մասնաբաժնի ավելացմանը և անդրեվրասիական կորպորացիաների ստեղծմանը, և այլ թեմաներ։
Սպասվում է, որ նիստին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Որպես քննարկման մոդերատոր — Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևը:
2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը անցկացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում: Համաժողովի նպատակն է եվրասիական տարածքում կոոպերացիոն կապերի կատարելագործումը: ԵՏՀ-2023 իրադարձությունները կանցկացվեն «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» կարգախոսի ներքո։ Միջոցառման շրջանակներում, ընդհանուր առմամբ, կանցկացվի շուրջ 35 գործարար նստաշրջան։ Դրանք կբաժանվեն յոթ թեմատիկ ուղղության, որոնց թվում են՝ «Մարդկային կապիտալ», «Տեխնոլոգիաներ և կոոպերացիա», «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում», «Եվրասիական կապակցվածությունը», ինչպես նաև «ԵԱՏՄ ներքին շուկան. մաքսային համագործակցություն, մրցակցություն և հանրային գնումներ»։
Բացի այդ, Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կանցկացվի «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթը, Եվրասիայում միջազգային համագործակցության զարգացման նոր հնարավորությունների քննարկմանը նվիրված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գործարար նախաճաշը և ԵԱՏՄ-Ինդոնեզիա գործարար երկխոսության գործարար նախաճաշը: Կկայանան նաև Ինդոնեզիայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ եվրասիական ինտեգրացիոն ձևաչափի համագործակցությանը նվիրված գործարար երկխոսություններ:
Մանրամասն գործարար ծրագիրը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում: