Մարտի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր։ Որոշվել է խորացնել գործնական համատեղ աշխատանքը տրանսպորտալոգիստիկ ոլորտում, ինչպես նաև խթանել արժութավճարային համակարգերի ինտեգրումը անկախ անդրսահմանային վճարումներ կատարելու համար։
Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի տնտեսական օրակարգերն իրենց մեջ կրում են միմյանց փոխլրացնելուն և համաշխարհային լանդշաֆտը սահմանելուն ընդունակ ներուժ։ «2022 թվականին ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 270,2 միլիարդ դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով ավելի քան 40%-ով»,- նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։
Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը ԵՏՀ-ի և ՇՀԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրման հարցում: Փաստաթուղթը համաձայնեցման վերջնական փուլում է, և դրա ստորագրումը հնարավոր է ընթացիկ տարվա մայիսին։
ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Հանձնաժողովը նախապատրաստել է տրանսպորտալոգիստիկ մեգանախագծի իրականացման հայեցակարգ, որով նախատեսված է միավորել եվրասիական տարածաշրջանի տարածքը։ Այս նախագիծը ներկայումս քննարկվում է ՇՀԿ-ում:
Միխայիլ Մյասնիկովիչը և Չժան Մինը կարևորել են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ավելացումը և համագործակցությունը արժութավճարային համակարգերի ինտեգրման ոլորտում անկախ անդրսահմանային վճարումների կատարման, առևտրի ֆինանսավորման և ներդրումների համար։
«ԵԱՏՄ-ում լավ զարգացումներ կան, 2022 թվականի արդյունքներով Միության ներսում ազգային արժույթներով հաշվարկների բաժինը կազմել է 80%: Կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի վճարահաշվարկային ենթակառուցվածքների ներուժերի համաժամացումը։ Առաջիկայում մենք կներկայացնենք մեր առաջարկները»,- նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՇՀԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է մասնակցելու 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին, որը կանցկացվի մայիսի 24-25-ը Մոսկվայում։ Համաժողովի ընթացքում կանցկացվի «ԵԱՏՄ - ՇՀԿ - ԲՐԻԿՍ. բաց ինտեգրացիոն երկխոսություն» թեմայով հատուկ նստաշրջան։
ՇՀԿ գլխավոր քարտուղարն իր հերթին Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրել է այցելել Պեկինում գտնվող ՇՀԿ քարտուղարություն պաշտոնական այցով։