Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր հանդիսացող զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների ցանկերում։
Խոսքն այն պետությունների ցանկի արդիականացման մասին է, որոնց ԵԱՏՄ-ն միակողմանի կարգով սակագնային առանձնաշնորհումներ է տրամադրում մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյացման տեսքով։
Ընդունված որոշումը հիմնված է տնտեսական ցուցանիշների փոփոխությունների վերլուծության վրա և նախատեսում է Հորդանանի, Լիբանանի և Սամոայի ներառումը ԵԱՏՄ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր զարգացող երկրների կատեգորիայում (մինչև 2021 թվականը նրանք արդեն միութենական համակարգի շահառուներ էին):
Բացի այդ, հաշվի առնելով ըստ եկամտի մակարդակի երկրների դասակարգման մասին թարմացված տեղեկատվությունը, որը նախապատրաստվել է Համաշխարհային բանկի կողմից, որոշվել է համակարգի օգտատերերի ցանկից հանել Մարշալյան կղզիների Հանրապետությունը և
Էլ Սալվադորի Հանրապետությունը, ինչպես նաև վերանայել Բութանի Թագավորության և Սան Տոմեի և Փրինսիպիի Ժողովրդավարական Հանրապետության առանձնաշնորհային կարգավիճակը՝ ամենաքիչ զարգացածի փոխարեն դասակարգելով որպես զարգացող երկրներ։
«Այսօրվա որոշումը ԵՏՀ-ի կողմից Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կառավարման հետևողական աշխատանքի շարունակությունն է և կնպաստի զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների տնտեսական աճի համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից նրանց հետ առևտրի հետագա զարգացմանը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Արտաքին առևտրային գործունեության իրականացման փոփոխվող պայմաններին տնտեսական օպերատորների հարմարեցման նպատակով ԵՏՀ խորհրդի որոշմամբ նախատեսված են համապատասխան անցումային շրջաններ։
ԵԱՏՄ-ի սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր երկրների ցանկերը հաստատվել են Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշմամբ։
Զարգացող կամ ամենաքիչ զարգացած երկրներից ծագող ապրանքների ցանկը, որոնց համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի N 8 որոշմամբ: