Նորություններ

26.03.2025

ԵՏՀ-ն բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է ոսկերչության ոլորտին աջակցելու հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի նախագահությամբ կայացել է ոսկերչական ոլորտի ներկայացուցիչների հետ փորձագիտական հանդիպում, որին մասնակցել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Կալաշնիկը։


Հանդիպման ընթացքում գործարարներին բացատրվել է, որ Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մշակվող Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում ԱՄԷ-ում արտադրվող ոսկերչական արտադրանքի համար անմաքս մուտքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ընկերությունները բավարարեն որոշակի չափորոշիչներ։ Նրանք թույլ չեն տա օգտագործել մերձավորարևելյան պետության տարածքն այլ երկրներում արտադրված ոսկերչական իրերը ԵԱՏՄ վերաարտահանելու համար, իսկ ԱՄԷ-ում արտադրվող բոլոր ապրանքները պետք է պարտադիր գնահատման ենթարկվեն՝ պարզելու համար, թե արդյոք իրականացվել են դրանց արտադրության համար օգտագործված օտարերկրյա նյութերի վերամշակման համար անհրաժեշտ գործողությունները։

Նման գնահատման հավաստիության վերաբերյալ կասկածների առկայության, ինչպես նաև ոսկերչական իրերի ներմուծման կտրուկ աճ արձանագրելու դեպքում Համաձայնագիրը նախատեսում է իրավիճակին արձագանքելու արդյունավետ լծակներ, մասնավորապես՝ մաքսային ստուգման ընթացակարգեր, ներառյալ Միության երկրների փորձագետների կողմից ԱՄԷ-ում տեղակայված համապատասխան արտադրական օբյեկտներ մեկնելու հնարավորությունը: Խախտումներ հայտնաբերելու դեպքում անդամ պետությունների մաքսային մարմիններն իրավունք ունեն մերժել սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը և Համաձայնագրով սահմանված կանոններին չհամապատասխանող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանել ԵԱՏՄ մաքսային սակագնով սահմանված դրույքաչափով։ Եթե ապրանքների ներմուծումն վնաս է պատճառում կամ կարող է պատճառել տնտեսության որևէ հատվածին, ապա կարող են կիրառվել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ։ Ի լրումն ավանդական հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման իրավունքի պահպանման, Համաձայնագիրը նախատեսում է մաքսատուրքի դրույքաչափը ժամանակավորապես մինչև ԵԱՏՄ ՄՄՍ-ի դրույքաչափի մակարդակին բարձրացնելու հնարավորություն։

Բացի այդ, ոսկերչության ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակով Հանձնաժողովը պատրաստ է քննարկել Միության ոսկերիչների կողմից որպես պատրաստի արտադրատեսակների արտադրության բաղադրիչներ օգտագործվող թանկարժեք գունավոր քարերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի «հորիզոնական» զրոյացումը ԵԱՏՄ գործող ՄՄՍ շրջանակներում։

Բիզնեսին տեղեկացվել է, որ Հանձնաժողովը պատրաստակամ է աջակցել ոսկերչության ոլորտի զարգացմանը ոչ միայն ԵԱՏՄ-ի շրջանակներում, այլև արտաքին շուկաներում՝ ապահովելով դրանց հասանելիությունը ազատ առևտրի մասին համաձայնագրերի շրջանակներում։