Նոյեմբերի 1-2-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային ենթակառուցվածքի վարչությունը կանցկացնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածք ներմուծվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական իրազեկման ինստիտուտի զարգացման փորձագիտական խմբի առաջին նիստը:
Նիստին կմասնակցեն ԵՏՀ ներկայացուցիչներ, ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ, ինչպես նաև բիզնես ընկերակցությունների փորձագետներ:
«Մենք որոշել ենք, որ քննարկումն ավելի արդյունավետ կլինի, եթե այն բաժանենք ըստ փոխադրումների շուկայի սեգմենտների, – պարզաբանել է փորձագիտական խմբի ղեկավար, Հանձնաժողովի մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Գավրիչևը: – Փորձագետները կաշխատեն գործող նորմերի կամ նորմերի ենթադրվող տարածման վրա առանձին՝ ըստ տրանսպորտի յուրաքանչուր տեսակի»:
Այսպիսով, նոյեմբերի 1-ին, օրվա առաջին կեսին ԵՏՀ հարթակում փորձագետները կքննարկեն ավտոտրանսպորտով ԵԱՏՄ ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության պարտադիր տրամադրման գործող նորմի կատարելագործումը: Այդ նորմը գործում է 2012 թվականից: Նոյեմբերի 1-ի օրվա երկրորդ կեսի քննարկումը նվիրված կլինի ավիատրանսպորտում նախնական իրազեկմանը: Հիշեցնենք, որ համաձայն ԵՏՀ Կոլեգիայի որոշման, ավիափոխադրողներին կպարտադրեն նախնական տեղեկատվություն տրամադրել 2017 թվականի ապրիլի 1-ից:
Նոյեմբերի 2-ին, օրվա առաջին կեսին ծրագրված է երկաթուղային տրանսպորտով ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության տրամադրման նորմի քննարկում: Երկաթուղային փոխադրումների սեգմենտում պարտադիր նախնական իրազեկումը Միությունում գործում է 2014 թվականից: Նոյեմբերի 2-ի, օրվա երկրորդ կեսին՝ ծովային փոխադրումների սեգմենտում պարտադիր նախնական իրազեկման ներդրման քննարկում:
«Ստորագրմանը նախապատրաստվող ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը բիզնեսի համար՝ ներմուծվող ապրանքների մասին նախապես տրված տեղեկատվության օգտագործման նոր հնարավորություններ է բացում: Որոշումները, որոնք կորոշեն նոր նորմի տարածումը, այժմ մշակման փուլում են: Ուստի մենք հրավիրում ենք ապրանքների փոխադրման ծառայությունների ոլորտում աշխատող՝ հետաքրքրված բիզնեսին ակտիվորեն միանալ այդ աշխատանքին», – ընդգծել է Ալեքսեյ Գավրիչևը: