Նորություններ

29.05.2023 (Обновлено: 01.06.2023 09:37)

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի արդյունքները

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը կայացել է մայիսի 24-ից 25-ը Մոսկվայում և համընկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի հետ։ Միջոցառումներն անցկացվել են 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում: Համաժողովի կարգախոսն է «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում»։ 

Գործարար ծրագիր

Համաժողովի գործարար ծրագիրը բաղկացած էր շուրջ 35 նստաշրջանից: Հիմնական թեմաներն էին ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների առավել արդիական և պահանջված հարցերը, այդ թվում՝ երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթերի նախապատրաստումը և մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածի համար ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղղությունների սահմանումը, հեռավոր արտասահմանի երկրների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացումը, մաքսային կարգավորումը, ԵԱՏՄ ներքին շուկայի հեռանկարները, ինչպես նաև թվային փոխակերպումը և միջազգային հաշվարկների մեխանիզմների կատարելագործումը։

Միջոցառումները բաժանված էին յոթ թեմատիկ ուղղությունների՝

                «Մարդկային կապիտալ»,

                «Տեխնոլոգիաներ և կոոպերացիա»,

                «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում»,

                «Եվրասիական կապակցվածությունը»,

                «ԵԱՏՄ ներքին շուկա. մաքսային համագործակցություն, մրցակցություն և պետական գնումներ»,

                «Ռազմավարական բլոկ»,

                ԵԱՏՄ Գործարար խորհրդի բլոկ:

Գործարար ծրագրի շրջանակներում կայացել են նաև՝

                ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստը,

                «ԵԱՏՄ ներքին շուկա. մարտահրավերներ և

զարգացման հեռանկարներ» գործարար նախաճաշը,

                «Նոր հնարավորություններ Եվրասիայում միջազգային համագործակցության զարգացման համար» ՌՆԳ գործարար նախաճաշը,

                «ԵԱՏՄ — Ինդոնեզիա» բիզնես երկխոսությունը,

                «ԵԱՏՄ — Ինդոնեզիա» բիզնես երկխոսության գործարար նախաճաշը,

                «ԵԱՏՄ — Ինդոնեզիա» ոլորտային նախագծերի ներկայացումը։

Լիագումար նստաշրջան

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի առանցքային միջոցառումը լիագումար նստաշրջանն է։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Որպես մոդերատորն հանդես է եկել «Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ, ԵԱՏՄ նախագահության ղեկավար, Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Մհեր Գրիգորյան. «Մեր Միության տարածքը բնական պաշարներով և օգտակար հանածոներով իր հագեցածությամբ ամենահարուստներից է աշխարհում։ Բայց մեր ամենաարժեքավոր հարստությունը, անշուշտ, մարդիկ են։ Անկասկած, հենց մարդկանցից ու նրանց մոտիվացիայից է կախված նպատակներին հասնելու և մեր մրցակցային առավելության արդյունավետությունը: Մեր ինտեգրման հիմնական իմաստը, հաշվի առնելով բոլոր ֆորմալ սահմանումները, մարդկային կապիտալի՝ որպես Եվրասիայի գլխավոր ներուժի և ապագայի զարգացումն է»։

Ալեքսանդր Լուկաշենկո. «Վերջին շրջանում աշխարհն ապրում է մշտական լարվածության և անորոշության մթնոլորտում։ Արտասովոր պայմաններում կայուն տնտեսությունը միշտ էլ հզոր խարիսխ է։ Բայց այսօր ցանկացած պետության տնտեսական սահմաններն այնքան թափանցիկ են, և առևտրային ցանցերը՝ այնքան միահյուսված, որ տնտեսական կայունության միայնակ հասնելը գրեթե անհնարին խնդիր է որևէ պետության համար: Ուստի ցանկացած երկիր շահագրգռված է այնպիսի հզոր տարածաշրջանային և միջազգային միավորումներին մասնակցությամբ, ինչպիսիք են, օրինակ, ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ, ԱՍԵԱՆ»։

Կասիմ-Ժոմարտ Տոկաև. «Անցյալ տարվա իրադարձությունները կրկին ակներևաբար ցույց տվեցին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ որպես նոր գլոբալ լոգիստիկայի հիմնական տարրի զարգացման կարևորությունը: Այս միջօրեական միջանցքը համահունչ է լայնական Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հետ: Ուստի մենք զգալի սիներգիա ենք տեսնում երկու երթուղիների կոորդինացված և համակարգված զարգացման մեջ: Սա միայն արդյունաբերության, տրանսպորտի և տնտեսության աճի կետ չէ։ Տվյալ երթուղիները կարող են արմատապես փոխել փոխգործակցության և կոոպերացիայի մակարդակը հսկայական Եվրասիայի ներսում: <...> Իսկ ընդհանուր առմամբ առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ այժմ մենք, ըստ էության, Եվրասիայի նոր տրանսպորտային հիմնակմախք ենք ձևավորում, որը մինչ այդ երբեք գոյություն չի ունեցել»:

Սադիր Ժապարով. «Բիզնեսի շահերի պաշտպանությունը և պետության կողմից դրանց աջակցությունը առաջնահերթ խնդիր է ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Այս առումով, կարծում եմ, անհրաժեշտ է մշակել Միությունում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նպատակահարմարության հարցը։ <...> Եվրասիական վարկանիշային գործակալության ստեղծումը ձեռնարկատիրության սուբյեկտների առջև կանգնած սահմանափակումների վերացմանը զուգահեռ թույլ կտար բարձրացնել եվրասիական տարածաշրջանի երկրների ֆինանսական անկախության մակարդակը և ակտիվացնել ներդրումային գործունեությունը»։

Վլադիմիր Պուտին. «Մենք տեսնում ենք, որ գլոբալ ասպարեզում իսկապես խորը, հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում։ Ավելի ու ավելի շատ պետություններ գնում են ազգային ինքնիշխանության ամրապնդման, ինքնուրույն, անկախ ներքին և արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ, հավատարիմ մնում զարգացման սեփական մոդելին: Եվ նրանք բոլորը կողմ են միջազգային տնտեսական հարաբերությունների նոր, ավելի արդար ճարտարապետության կառուցմանը, ձգտում են կառուցողականորեն ազդել համաշխարհային գործընթացների վրա, ընդլայնել գործընկերային կապերի ցանցը՝ հիմնված փոխադարձ շահավետության, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա»։

Միխայիլ Մյասնիկովիչ. «Զարգացման առանցքային խնդիրը հեռանկարում ներդրումային գործունեությունն է։ Անհրաժեշտ է ներմուծման փոխարինման համամիութենական ծրագիր։ Տեխնոլոգիական ինքնիշխանությունը ենթադրում է էլեկտրոնիկայի զարգացման, հաստոցաշինության, դեղերի արտադրության, քիմիական և կենսաբանական ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիաների ստեղծման լայնածավալ խնդիրների լուծում: Անհրաժեշտ է որոշել ֆինանսավորման աղբյուրներն ու մոտիվացիոն մեխանիզմները այդ նպատակների համար»։

Մասնակիցներ

Համաժողովի աշխատանքին մասնակցել է ավելի քան 2700 մասնակից և ԶԼՄ ներկայացուցիչ Ռուսաստանից և 59 երկրներից ու տարածքներից։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանցից համաժողովի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը:

Համաժողովին մասնակցել է ինը նախարար, նրանց թվում են՝

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը, Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը, Ղրղզստանի էներգետիկայի նախարար Թաալայբեկ Իբրաևը, Ղրղզստանի աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Կուդայբերգեն Բազարբաևը, Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը, Ղրղզստանի արդարադատության նախարար Այազ Բայետովը, Նիկարագուայի ֆինանսների և պետական վարկերի նախարար Իվան Ադոլֆո Ակոստա Մոնտալվանը, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Չերվյակովը, Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Իրինա Կոստևիչը, Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Անդրեյ Իվանեցը:

Համաժողովն այցելել են միջազգային կազմակերպությունների և միավորումների ղեկավարներ, այդ թվում՝

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մին Չժանը, Եվրասիական տնտեսական միության Դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովը, ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի Գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովը, Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Միութենական պետության Մշտական կոմիտեի պետական քարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Նստաշրջանի ընթացքում տեսաուղերձով հանդես է եկել Մեր Ամերիկայի ժողովուրդների համար Բոլիվարյան դաշինքի գործադիր քարտուղար Ֆելիքս Ռամոն Պլասենսիա Գոնսալեսը։

Հարթակն այցելել է նաև դիվանագիտական կորպուսի 13 ղեկավար։

Համաժողովին մասնակցել է մեծ պատվիրակություն Ինդոնեզիայից, բարձրաստիճան պաշտոնյաների թվում հարթակ են այցելել Ինդոնեզիայի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարի էներգետիկ անցման ներդրման արագացման ռազմավարության և էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման գծով հատուկ խորհրդական Էգօ Սյախրիալը, Ռուսաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Անտոնիո Մորատո Տավարեշը, Մինահասայի (Ինդոնեզիա) կառավարության ռեգենտ Ռոյկե Օկտավիան Ռորինգը, Հյուսիսային Սուլավեսի նահանգի (Ինդոնեզիա) կառավարության նահանգապետ Օլի Դոնդոկամբեյը, Մանադո քաղաքի (Ինդոնեզիա) քաղաքապետ Անդրեյ Անգոուն:

Ընդհանուր առմամբ, Միջոցառման հարթակ են այցելել օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ 38 երկրից և տարածքից:

Համաժողովին մասնակցել են շուրջ 400 ընկերության ավելի քան 550 բիզնեսի ներկայացուցիչ։

ԵՏՀ-2023 գործընկեր երկիր

Համաժողովի գործընկեր երկիր է դարձել Ինդոնեզիայի Հանրապետությունը։ ԵՏՀ-2023-ի շրջանակներում մի շարք միջոցառումներ են անցկացվել այս երկրի իշխանության մարմինների և ձեռնարկատիրական համայնքի ներկայացուցիչների հետ։ «ԵԱՏՄ — Ինդոնեզիա» գործարար երկխոսության մասնակիցները քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող առաջնահերթ խնդիրները, կայուն ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաև մատակարարումների շղթաների ավելացման, թվային նախաձեռնությունների մշակման և ոչ սակագնային խոչընդոտների վերացման հարցերը։ Բիզնես երկխոսությունը շարունակվել է գործարար նախաճաշի և B2B միջոցառումների՝ նեթվորքինգ նստաշրջանի և ընկերությունների երկկողմ հանդիպումների ձևաչափով։

«Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթ

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Կանաչ Եվրասիա» կլիմայական միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրում։ Մրցույթն անցկացրել է «Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» ԻՈԱԿ-ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ 10 անվանակարգում, որոնց թվում են «Մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն», »Մաքուր արդյունաբերություն», «Կայուն գյուղատնտեսություն», «Ցածր ածխածնային տրանսպորտ», Կանաչ շինարարություն», «Կանաչ ֆինանսավորում», «Թափոնների արդյունավետ գործածում», «Բնապահպանական մշակույթ և բնակչության ներգրավում կլիմայական օրակարգին», «Բնապահպանական և կլիմայական մշտադիտարկում» և «Պետական քաղաքականությունը ցածր ածխածնային զարգացման ոլորտում» անվանակարգերը։ Մրցույթի շրջանակներում առաջարկված նախագծերը գնահատել է մասնագիտական համայնքի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խումբը:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն։

Համաձայնագրեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի երիտասարդական խորհուրդը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Երիտասարդ դիվանագետների խորհուրդը համագործակցության ծրագիր են ստորագրել։

Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ն, Բելառուսի պետական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Ղրղզստանի Հանրապետության ԱԳՆ Կ. Դիկամբաևի անվ. դիվանագիտական ակադեմիան և Երևանի պետական համալսարանը համաձայնագիր են ստորագրել Եվրասիական ինտեգրման ոլորտում կոնսորցիումի մասին։

Տեղեկատվական գործընկերներ

Որպես տեղեկատվական գործընկեր հանդես է եկել 31 լրատվամիջոց։

Հայաստան՝ Armenpress, Արմինֆո, «NovostiNK» ցանցային հանդես, «Նոյյան տապան» թերթ

Բելառուս՝ ԲԵԼՏԱ, «ՓրայմՓրես»

Ղազախստան՝ «DKNews», «Կազինֆորմ» ՄՏԳ, «24KZ» հեռուստաալիք

Ղրղզստան՝ ԷլՏՌ հեռուստաընկերություն, Աքչաբար, «ԱյՖ Ղրղզստան» թերթ, «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչություն Ղրղզստան, «News-Asia» Կենտրոնական Ասիայի տեղեկատվական պորտալ, «Կաբար» ՂԱՏԳ, Ղրղզստանի Հանրապետության Ազգային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիա

Ռուսաստան՝ ՏԱՍՍ, ՌԻԱ «Նովոստի», Ֆեդերալ Փրես, Ինտերֆաքս, TV BRICS, NEWS.ru, «Պարլամենտսկայա գազետա», «Միր», «Ռոսիյսկայա գազետա», «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչություն, «Լենտա.ru», «Գազետա.ru», «Սեկրետ ֆիրմի»

Իրան՝ IranPress

Միր՝ Sputnik

Համաժողովի օպերատոր

Համաժողովի օպերատորն էր Ռոսկոնգրես հիմնադրամը՝ սոցիալական ուղղվածություն ունեցող զարգացման ոչ ֆինանսական ինստիտուտը՝ միջազգային, կոնգրեսային, ցուցահանդեսային և հանրային միջոցառումների խոշորագույն կազմակերպիչը: