Նորություններ

12.08.2022 (Обновлено: 19.08.2022 13:26)

Հանձնաժողովը խթանում է կոոպերացիան ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում արտադրական կոոպերացիայի խթանմանը, ոլորտի նորարարական զարգացմանը՝ ներմուծման փոխարինումը զարգացնելու, նոր մրցունակ ապրանքներ արտադրելու և, ընդհանրապես, գյուղատնտեսության կայուն զարգացման և Եվրասիական տնտեսական միությունում պարենային անվտանգության ամրապնդման նպատակով:

Այս ուղղությամբ աշխատանքի արդյունքը Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի (Հայաստան) միջև համագործակցության մասին հուշագրի կնքումն էր։ Փաստաթղթի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունը և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում կայուն տնտեսական զարգացումը։ ԵԱԶԲ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ նախագծեր ֆինանսավորելով ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում, որոնք նպաստում են հումքի վերամշակման խորացմանը և արտադրվող արտադրանքի ավելացված արժեքի ավելացմանը։ Հայաստանում երկրի ռազմավարության իրականացման շրջանակներում ԵԱԶԲ-ն կֆինանսավորի գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ոլորտի ներդրումային նախագիծը, որն իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կողմից և համահունչ է «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման 2019–2024 թթ. ծրագրի» նպատակներին։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության բլոկի և ԱԱՀ համալիրի կողմից ԵԱՏՄ պետությունների ձեռնարկությունների միջև կոոպերացիայի զարգացման ուղղությամբ կատարվող համակարգված աշխատանքը գործնական արդյունքներ է տալիս։ Ուրախալի է, որ մեկնարկած համատեղ նախագծում հատուկ կարևորվում է կոոպերացիոն բաղադրիչը, քանի որ հայկական ընկերություններից բացի՝ այստեղ ներգրավված են Ռուսաստանի և Բելառուսի ձեռնարկությունները։ Սա նշանակում է, որ այս գործընթացում օգտագործվելու են ԵԱՏՄ-ում արտադրվող սերմեր, անասուններ, գյուղատնտեսական տեխնիկա, արտադրատեխնիկական հագեցման արտադրանքի մի ամբողջ շարք տեսակներ: Սա շատ կարևոր գործոն է,- շեշտեց ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ – Միության երկրների պարենային անվտանգության ապահովումը մեր ընդհանուր ռազմավարական խնդիրն է։ Կարևոր է զարգացնել պարենային անվտանգության հարցերի շուրջ անդամ պետությունների փոխգործակցությունը»։

ԵՏՀ նախարարի խոսքով, պարենային անվտանգության հարցերի շուրջ անդամ պետությունների փոխգործակցությունը այժմ առանձնահատուկ նշանակություն ունի, այդ թվում՝ կապված անկայուն գլոբալ տնտեսական իրավիճակի, COVID-19-ի տարածման սպառնալիքների հետ։ Սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքը դրական ազդեցություն կունենա Միությունում արտադրվող սննդամթերով և ագրոարդյունաբերական համալիրի նյութատեխնիկական ռեսուրսներով ներքին շուկայի հագեցվածության, փոխադարձ առևտրի զարգացման, ինչպես նաև Միության ընդհանուր ագրարային շուկայի գործունեության արդյունավետության բարձրացման վրա։

«Ներկայումս ծրագիրն ավելի քան արդիական է՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը պարենային անվտանգության առումով։ Գյուղատնտեսության զարգացումը մեր կառավարության առաջնահերթություններից է։ Նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ ագրոարդյունաբերական համալիրի արդիականացումը կապահովի բարձրորակ գյուղատնտեսական մթերքի արտադրություն, որն իր հերթին մեր երկրի համար կունենա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական նշանակություն»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԵԱԶԲ-ն վարկային պայմանագրի շրջանակներում 25 մլն դոլար կուղղի արտադրական ամբողջական շրջափուլի զարգացմանը, ներառյալ՝ ցածր եկամուտ ունեցող կենդանիներին տոհնմային խոշոր եղջերավոր անասուններով փոխարինմանը, կերային մշակաբույսերի արտադրության համար նախատեսվող գյուղատնտեսական տարածքների ընդլայնմանը և մսի և կաթնամթերքի արտադրության ծավալների ավելացման նպատակով ակտիվների արդիականացմանը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն դոլար։ Նախատեսվում է 1200 գլուխ տոհմային ՀԵԱ-ի համար կաթնամթերքի ֆերմայի և 6000 գլուխ խոզի համար խոզաբուծական ֆերմայի կառուցում:

Տեղեկանք

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական կրթության, գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է: 2019 թվականից ընկերությունը փակ շրջափուլի ապահովման համար իրականացնում է բիզնեսի զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմերից սեղան» հայեցակարգի վրա, տոհմային անասնաբուծական ֆերմա բացելով Վայոց Ձորում, խոզաբուծական ֆերմա՝ Տավուշի մարզում, անասնակերի գործարան՝ Արարատի մարզում, «Արցախ» խոհանոց ֆաբրիկան՝ Երևանում: