Նորություններ

22.11.2022

Միխայիլ Մյասնիկովիչ. «Եկել է ժամանակը մտածելու ԵԱՏՄ-ի մասին թարմացված պայմանագրի մշակման մասին»

Այս մասին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է «Տնտեսական մարտեր առանց կանոնների. հաղթանակի բաղադրատոմսեր» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում, որը կայացել է նոյեմբերի 22-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում։

«Ներկա պայմաններում անհրաժեշտ է նորովի դիտարկել մեր Միության զարգացման խնդիրները։ Ռազմավարական պլանավորման և շուկայական հարաբերությունների ողջամիտ համադրությունը ավելի մեծ արդյունք կտա։ Նպատակահարմար է նախաձեռնել եվրասիական ընկերությունների ստեղծում, նպաստել ներդրումների աճին և ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթները ԵԱՏՄ երկրների տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Կարծում եմ՝ ժամանակն է մտածել համալիր նորմատիվ փաստաթղթի՝ Միության մասին թարմացված պայմանագրի մշակման մասին»,- իր ելույթում նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։

 



Հանձնաժողովը իրավիճակը կայունացնելու և ընդհանուր շուկայի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկում է օպերատիվ հակաճգնաժամային միջոցներ, ինչը թույլ տվեց որոշակիորեն մեղմել պատժամիջոցների ազդեցությունը Միության տնտեսության վրա։ Դրանք են ներմուծման մաքսատուրքերի զրոյացումը, ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման համար ապրանքների անմաքս ներմուծման շեմի բարձրացում, աջակցությունը «զուգահեռ» ներմուծմանը և այլն։ Ըստ գնահատման, այս միջոցներն իրենցից ներկայացնում են մոտ երկու մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն ընկերություններին և քաղաքացիներին: Մշակվել են ԵԱՏՄ-ում հիմնական պարենային ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռները։ Միության երկրները հացահատիկով ապահովված են իրենց կարիքների 148%-ով, մսով` 98,5%-ով, կաթով` 97%-ով, շաքարով` 98,5%-ով, բուսական յուղով` 194%-ով: Սա վկայում է Եվրասիական տնտեսական միության պարենային անվտանգության բարձր աստիճանի մասին։ Միաժամանակ, ըստ Միխայիլ Մյասնիկովիչի, ջանքերը պետք է ուղղվեն ԵԱՏՄ-ում ռեսուրսների կառավարման գործուն գործիքների ստեղծմանը։
«ԵԱՏՄ անդամ պետությունների և Հանձնաժողովի ընդունած որոշումները թույլ թվեցին առաջին կիսամյակի արդյունքներով պահպանել Միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի մակարդակը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ»,- ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ-ում տեխնոլոգիական անկախության ապահովման և ներմուծման փոխարինման հարցերին։ Միևնույն ժամանակ, Հանձնաժողովի կողմից արդեն մշակվել և ստացել է միութենական երկրների կառավարությունների ղեկավարների հավանությունը արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ստեղծման ժամանակ ֆինանսական ռեսուրսների տրամադրման մեխանիզմը։ Ձևավորվել է հեռանկարային ոլորտներում իրականացման ենթակա հնարավոր ծրագրերի ցանկը։ Բիզնեսի հետ շարունակական երկխոսություն է վարվում:ԵՏՀ Կոլեգիայի նախագահն իր խոսքում նշել է Եվրասիական ֆինանսական համակարգի և սեփական եվրասիական ինստիտուտների, օրինակ՝ Եվրասիական արբիտրաժային դատարանի, վարկանիշային գործակալությունների, այնպիսի կառույցների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կարող են զբաղվել ԵԱՏՄ-ում ռազմավարական պլանավորմամբ։
«Սա ոչ միայն օգտակար է ԵԱՏՄ երկրների համար, մեծանում է Միության դերը միջազգային մակարդակում և ձևավորվում է Մեծ Եվրասիական գործընկերության իրականացման գործնական հիմքը»,- ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Միջազգային համաժողովի ընթացքում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի ռեկտոր Ստանիսլավ Պրոկոֆևի միջև ստորագրվել է ԵՏՀ և Ֆինանսական համալսարանի միջև համագործակցության 2023-2024 թվականների ծրագիրը: