Նորություններ

20.03.2025

Մոսկվայում կայացած խորհրդաժողովում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային վարչարարության զարգացման միտումները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Ռուսաստանում Ամերիկայի առևտրային պալատի, Խաղաղօվկիանոսյան-Եվրասիական գործարար դաշինքի և ԵՏՀ-ի 11-րդ համատեղ խորհրդաժողովում ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությունում մաքսային համագործակցության հիմնական ուղղությունները։

Ռուսլան Դավիդովը, մասնավորապես, նշել է, որ այս տարի նախատեսվում է ընդունել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք ուղղված են մաքսային տարանցման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական փոխգործակցության հարցերի կարգավորմանը։

Նրա խոսքով, տարանցիկ ներուժի զարգացմանը կնպաստի ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից 2024 թվականի դեկտեմբերին ընդունված ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացումը, որին կարող են միանալ երրորդ երկրներ միասնական տարանցիկ տարածքն ընդլայնելու համար։

«Տարանցիկ փոխադրումների անվտանգությունն ու թափանցիկությունը կբարձրացվի ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների լիաձևաչափ ներդրման հաշվին, որի կիրառման մասին համաձայնագիրն ընդունվել է 2022 թվականին», — նշել է ԵՏՀ նախարարը։
Ռուսլան Դավիդովը խոսել է նաև ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների՝ մաքսային գործընթացների թվայնացման հաջող փորձի մասին, որոնք թույլ են տալիս ոչ միայն օպտիմալացնել հսկողության ընթացակարգերը սահմանին և հայտարարագրման ժամանակ, այլև կրճատել մաքսային գործառնությունների կատարման ժամանակը։