Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների ղեկավարների տեղակալները մարտի 15-ին և 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկել են էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման մի շարք հարցեր։ Փոխընդունելի լուծումների մշակման և դիրքորոշումների մերձեցման շուրջ խորհրդակցություններն անցկացրել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին Միության մարմինների նիստերի նախօրեին, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել Միության գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը։
Վադիմ Զակրևսկին նշել է ԵԱՏՄ էներգառեսուրսների ընդհանուր շուկաները կարգավորող օրենսդրական ակտերի շուրջ աշխատանքն արագորեն ավարտելու մեծ կարևորությունը։
Խորհրդակցությունների ընթացքում մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ չհամաձայնեցված հարցերի մասին։
Խորհրդակցության մասնակիցները կարևորել են մոտեցումների մերձեցումը և նշել բարձր մակարդակով քննարկված հարցերի շուրջ վերջնական որոշումներն արագ ընդունելու անհրաժեշտությունը։