Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է ԲՐԻԿՍ անդամ պետությունների նորացված կազմի ստանդարտացման մարմինների ղեկավարների առաջին առերես հանդիպմանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին «Ռուսաստանի էներգետիկայի շաբաթ» միջազգային համաժողովի հարթակում:
Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսստանդարտը» այս միջազգային միավորման մեջ Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում։
Ղեկավարները քննարկել են համագործակցության արդիական ձևերը և ուղղությունները, ստանդարտացման ազգային մարմինների փոխգործակցության հեռանկարները ընթացիկ աշխարհատնտեսական պայմաններում։
Հանդիպման օրակարգում էին շինարարության և թվային ստանդարտացման ոլորտներում «կանաչ» ստանդարտների ներդրման հարցերը։ Քննարկվել են արհեստական բանականության համապատասխանության գնահատման և ստանդարտացման մոտեցումները առողջապահության և գյուղատնտեսության օրինակով: Միջոցառման մասնակիցները փորձ են փոխանակել առևտրային ընկերությունների գնահատման և կայուն զարգացման նպատակների իրականացման շրջանակներում դրանք ըստ հուսալիության մակարդակի, սոցիալական և բնապահպանական պատասխանատվության աստիճանի դասակարգելու եզակի մեթոդաբանության ներդրման վերաբերյալ: Քննարկվել են ոչ կործանարար վերահսկողության և եռակցման արտադրության ոլորտի ստանդարտացման նոր ուղղություններ:
Վալենտին Տատարիցկին հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կարգավորման համակարգում ստանդարտացման կարևորության մասին զեկույցով։
«Կոորդինատների համակարգը, որում մենք այսօր աշխատում ենք որպես տեխնիկական կարգավորիչներ, ուղղակի անհնար է առանց ստանդարտացման: Անհերքելի է դրա կարևորությունը թափանցիկ, ազատ և միևնույն ժամանակ անվտանգ առևտրի համար պայմաններ ստեղծելու գործում։ Ավելին, տեխնիկական առաջընթացն անհնար է առանց ստանդարտացման։ Դա է վկայում նաև ԻՍՕ և ՄՏՀ ստանդարտացման միջազգային կազմակերպությունների աշխատանքի թափը»,- ընդգծել է Վալենտին Տատարիցկին:
Նախարարը հանդիպման մասնակիցներին հիշեցրել է, որ այս տարի լրացավ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 10 տարին։ Միության գործունեության տարիների ընթացքում համատեղ ջանքերով հնարավոր եղավ ԵԱՏՄ իրավունքում ինտեգրել ստանդարտացման աշխատանքների համակարգման մեխանիզմը՝ արտադրանքի անվտանգության պահանջներն արդիական պահպանելու համար: Բացի այդ, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է տեխնիկական կարգավորման ոլորտում Միության թվային օրակարգի իրականացման ընթացքը։
Եզրափակելով՝ Վալենտին Տատարիցկին նշել է, որ ԵԱՏՄ միջազգային օրակարգի համար արդիական է իրականացվող համագործակցության բազմավեկտոր բնույթը և ԲՐԻԿՍ երկրների հետ երկխոսության համար Հանձնաժողովի պատրաստակամությունը, այդ թվում՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համար ստանդարտացման գործիքների օգտագործման համատեքստում:
«ԲՐԻԿՍ կազմում են խոշորագույն տնտեսությունները՝ Բրազիլիա, Եգիպտոս, Հնդկաստան, Իրան, Չինաստան, ԱՄԷ, Ռուսաստան, Եթովպիա, ՀԱՀ: Այս ինտեգրացիոն կազմավորման ներուժը Հանձնաժողովին դրդում է ընդլայնել համագործակցությունը նրա հետ: Մենք բաց ենք ցանկացած փոխգործակցության համար՝ տեխկարգավորման և ստանդարտացման ոլորտում ԲՐԻԿՍ երկրների կառույցների հետ ոլորտային երկխոսությունների ձևաչափով, որևէ այլ ձևաչափով՝ սեմինարներ, խորհրդաժողովներ, համագործակցության պլաններ, հուշագրեր»,- ամփոփել է ԵՏՀ նախարարը։