Նորություններ

13.03.2025

Ղազախստանում քննարկվել է մաքսային մարմինների գործունեության մեջ առաջադեմ թվային լուծումների ներդրումը

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն աշխատանքային այցով եղել է Աստանայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ղեկավարության՝ փոխնախարար Երժան Բիրժանովի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ժանդոս Դույսեմբիևի հետ։

Բանակցությունների շրջանակներում քննարկվել է մաքսային կարգավորման ոլորտի արդիական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացումը, ԵԱՏՄ սահմանին մաքսային անցակետերի արդիականացման մոտեցումները, ընդհանուր գործընթացների ներդրումը և Միության շրջանակներում մինչև 2045 թվականը մաքսային կարգավորման զարգացման հեռանկարները:

ԵՏՀ նախարարն ուսումնասիրել է Ղազախստանի մաքսային մարմինների գործունեության մեջ «Քեդեն» նոր տեղեկատվական համակարգի ներդրման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգին դրա ինտեգրման հնարավորությունները։ «Քեդեն» տեղեկատվական համակարգը կնպաստի ոչ միայն էլեկտրոնային մաքսային հայտարարագրման ներդրմանը, այլև նախնական տեղեկացման իրականացմանը, անցակետերում ինտեգրված վերահսկողության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև մաքսային գործառնությունների ավտոմատացմանը՝ խախտումների արձանագրմամբ, ինչն իր հերթին կապահովի մաքսային վարչարարության թափանցիկությունը։

Այցի ընթացքում Ռուսլան Դավիդովն այցելել է նաև Ղազախստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր կարգավարական վարչության իրավիճակային կենտրոն։ Այստեղ իրականացվում է տեսչական և զննության համալիրներից ստացվող լուսանկարների վերլուծություն, ինչպես նաև մաքսային կետերի աշխատակիցների կողմից իրականացվող մաքսային զննությունների իրականացման գործընթացի համակարգում։ Կենտրոնը կարևոր դեր է կատարում մաքսային գործառնությունների արդյունավետ կառավարման և վերահսկման գործում՝ ապահովելով բեռների ստուգման և մշակման գործընթացների թափանցիկության և ժամանակին լինելու բարձր մակարդակը: