Նորություններ

04.04.2023

Հայաստանի և Բելառուսի բուհերը միասին կպատրաստեն քաղաքացիական ավիացիայի կադրեր

Ապրիլի 3-ից 4-ը Եվրասիական տնտեսական միության երկրներում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման աշխատանքների շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի գլխավորությամբ մասնակցել է Երևանում Բելառուսի ավիացիայի պետական ակադեմիայի և Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ու Հայաստանի ավիաուսումնական կենտրոնի միջև համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրման արարողությանը։

Կողմերը պայմանավորվել են համատեղ հետազոտություններ իրականացնել, փորձ փոխանակել, կազմակերպել համատեղ կրթական ծրագրեր միջին մասնագիտական և բարձրագույն կրթության շրջանակներում, ինչպես նաև ասպիրանտուրայում բարձր որակավորում ունեցող կադրեր պատրաստել, առաջարկներ մշակել օդային տրանսպորտի և դրա ենթակառուցվածքի գործունեության մեջ նորարարությունների օգտագործման կատարելագործման, իրականացնել ավիացիոն անձնակազմի որակավորման բարձրացման համատեղ ծրագրեր:

«Համաձայնագրերի ստորագրումը մեկնարկային կետ կդառնա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Բելառուսի կրթական կազմակերպությունների միջև գործնական համագործակցության ակտիվացման համար։ Մեր երկրների տնտեսության իրական հատվածն այսօր առավել քան երբևէ կարիք ունի երիտասարդ մասնագետների։ Ավիաշինության համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը առաջնահերթ խնդիր է», - ընդգծել է Արտակ Քամալյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է նաև «Էջմիածնի սարքաշինական գործարան» ՓԲԸ, որն ընդգրկված է Եվրասիական տնտեսական միության պետությունների շահագրգիռ արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ցանկում, որոնք պատրաստ են մասնակցելու քաղաքացիական ավիաշինության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը։ Ձեռնարկության ղեկավարության հետ քննարկվել են ավիացիոն բաղադրիչների արտադրության և կադրերի պատրաստման ոլորտում եվրասիական համագործակցության արդիական հարցեր։

Տեղեկանք

Միության պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում ակադեմիական շարժունակության կազմակերպման հարցի ուսումնասիրությունն իրականացվում է 2022-2023 թվականներին նշված ոլորտի արդյունաբերական համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզին համապատասխան, որը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: