Այս մասին Բելառուսի Հանրապետության Մեքենաշինարարի օրվա շրջանակներում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
«Չնայած այն մարտահրավերներին, որոնց ոլորտի ձեռնարկությունները բախվել են պատժամիջոցների ճնշման պայմաններում, այս տարվա վեց ամսվա արդյունքներով ոլորտն ընդհանուր առմամբ աճել է 12.4%-ով։ Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միության երկրների մշակող արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալների աճը կազմել է 6.1%, իսկ ընդհանուր առմամբ արդյունաբերությունում՝ 2.8%, ինչը վկայում է մեքենաշինությունում արտադրության ծավալների առաջանցիկ աճի և արդյունաբերական ինտեգրման առկա ներուժի մասին»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։
Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ այսօր Բելառուսը բերքահավաք տեխնիկայի, տրակտորների, հաստոցների և այլ հատուկ տեխնիկայի հիմնական մատակարարներից է ոչ միայն ԱՊՀ պետությունների, այլև մի շարք երրորդ երկրների համար։
«ՄԱԶ, ԲելԱԶ, «Ատլանտ», Գոմսելմաշ, Մինսկի տրակտորների և շարժիչների գործարանները, Մոգիլյովի վերելակային մեքենաշինության գործարանը կայացած ապրանքանիշեր են, որոնց արտադրանքը պահանջարկ ունի ոչ միայն ԵԱՏՄ շուկայում, այլև հաջողությամբ մրցակցում է արտասահմանյան անալոգների հետ համաշխարհային շուկաներում՝ հաճախ գերազանցելով դրանց իր արտադրական և տնտեսական ցուցանիշներով»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։
Մեքենաշինարարի օրվա շրջանակներում անցկացված ցուցահանդեսում բելոռուսական ձեռնարկությունները ցուցադրել են տեխնիկայի մի քանի նորարար մոդել, ինչպիսիք են անօդաչու տրակտորը, ՄԱԶ ժամանակակից ավտոմոբիլային տեխնիկայի շարքը, «Ատլանտի» և «Վիտյազի» կենցաղային տեխնիկան:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից հիշարժան պարգևներ է հանձնել ոլորտի աշխատողներին և վետերաններին՝ շնորհակալություն հայտնելով նրանց քրտնաջան և բարեխիղճ աշխատանքի համար և նշելով նրանց բարձր արհեստավարժությունն ու պատասխանատու վերաբերմունքը գործին։ Ըստ Միխայիլ Մյասնիկովիչի՝ այս որակները բելոռուս արտադրողներին թույլ են տալիս հետագայում ևս զարգացնել ԵԱՏՄ երկրների մեքենաշինական համալիրը։