Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Եվրասիական տնտեսական համաժողով-2024 հարթակում կայացել է ԵԱՏՄ-Իրան բիզնես երկխոսությունը՝ լիազոր մարմինների, գործարար միավորումների և ձեռնարկատիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառումների շարքը ներառում էր պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հայեցակարգային հարցերին, ինչպես նաև ոլորտային կլոր սեղաններ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի և առևտրին ու ներդրումներին աջակցության ֆինանսական գործիքների ոլորտների գործնական բնույթի խնդիրներ։ Ոլորտային կլոր սեղանների շրջանակներում ԵԱՏՄ գործարար միավորումների և բիզնեսի ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց ընթացիկ և հեռանկարային նախագծերը:
Միջոցառումների առանցքային բանախոսներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամադ Աթաբակը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, Թեհրան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆին, Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Դանիլ Իբրաևը, «Ատամեկեն» ՁԱՊ խորհրդի անդամ, խորհրդի նախագահի տեղակալ Թիմուր Ժարկենով։
Մասնակիցները հատուկ ընդգծել են, որ նման բիզնես երկխոսությունը հատկապես արդիական է 2023 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի ստորագրման լույսի ներքո, որը առևտրի անմաքս ռեժիմի սահմանում է նախատեսում ապրանքատեսականու 90%-ի համար։
«Մենք պետք է աշխատենք մեր ամբողջ ուժերով, ներառյալ այս համաժողովը, որպեսզի վերացնենք առևտրում առկա բոլոր խոչընդոտները: Մենք բոլորս միասին պետք է բիզնեսի լավ աշխատանքային ճանապարհ հարթենք միմյանց ուղղությամբ»,- ասել է Անդրեյ Սլեպնևը՝ դիմելով ներկաներին։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանը բնական տնտեսական գործընկերներ են, և նրանց միջև համագործակցության բոլոր հեռանկարային հնարավորություններն իրականացնելու դեպքում երկրների հաջողությունը երաշխավորված է։
«Այսօր այս դահլիճում և կլոր սեղանների ընթացքում մենք փորձեցինք հավաքել ինչպես Իրանի, այնպես էլ մեր երկրների բիզնեսի ակտիվը։ Համոզված եմ, որ B2B հանդիպումները և մնացած բոլոր շփումները հենց այն են, ինչ անհրաժեշտ է այսօր»,- ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը։ Միաժամանակ նա հայտնել է, որ մտադիր է մասնակցել դեկտեմբերին Թեհրանում նախատեսված հերթական լայնածավալ եվրասիական ցուցահանդեսին։
«Նման կանոնավոր գործարար հանդիպումները, առևտրային ենթակառուցվածքի, առևտրի տների ստեղծումը, հաշվարկների հարցերի գործնական լուծումները՝ սա այն ամենն է, ինչ մենք պետք է անենք առկա հնարավորությունները բացահայտելու համար»,- ամփոփել է Անդրեյ Սլեպնևը՝ գնահատելով Իրանի և ԵԱՏՄ միջև առևտրաշրջանառության աճի առկա ներուժը 12 միլիարդ դոլարի չափով:
ԵՏՀ-2024-ի շրջանակներում կազմակերպվել է B2B ծառայությունը, որը համաժողովի շահագրգիռ մասնակիցներին թույլ է տվել «նեթվորքինգ» իրականացնել և ուղղակի գործարար շփումներ հաստատել հնարավոր բիզնես գործընկերների հետ:
Բացի այդ, իրանական պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են ԵՏՀ-2024-ի այլ նստաշրջաններին։