30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
21 մայիսի 2025 ԵԱՏՄ երկրները բարձրացնում են չափումների միասնության ապահովման ոլորտում ինտեգրման մակարդակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Անի Օբոսյանը մասնակցել է Միջազգային չափագիտական համաժողովին և «Չափագիտություն առանց սահմանների» ցուցահանդեսին, որոնք զուգադիպեցվել են Չափագիտության համաշխարհային օրվան: Համաժողովում իր ելույթի ընթացքում Անի Օբոսյանը մասնակիցներին շնորհավորել է Չափագիտության համաշխարհային օրվա և 1875 թվականի Չափի կոնվենցիայի ստորագրման և Կշիռների ու չափերի միջազգային բյուրոյի ստեղծման 150-ամյակի առթիվ: Նա նշել է, որ չափումների միասնության ապահովման ոլորտում Հանձնաժողովի գործունեության ընթացիկ շրջանը կարելի է անվանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման մակարդակի բարձրացման նոր փուլ: «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում ներառված ինտեգրացիոն ուղղություններին աջակցության անհրաժեշտ մակարդակը, որտեղ գործունեության արդյունքները կախված են չափումների ճշգրտությունից և հավաստիությունից, նախատեսվում է ապահովել չափումների չափագիտական ապահովման միասնական սկզբունքներ ներդնելու միջոցով», — ընդգծել է Անի Օբոսյանը:
21 մայիսի 2025 Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի ակտիվացման հարցը Մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության երկրների պետական իշխանության մարմինների և բիզնեսի մասնակցությամբ սեմինար, որը նվիրված էր Սերբիայի հետ ոլորտային համագործակցության զարգացմանը, փոխադարձ առևտրում արգելքների հայտնաբերմանը և վերացմանը: Միջոցառումն ուղղված է ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացմանը: Սեմինարի նպատակն է բացահայտել առևտրային արգելքները, որոնց բախվում են տնտեսության տարբեր ոլորտների արտահանողները Սերբիայի Հանրապետության շուկա ապրանքներ մատակարարելիս, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները և առևտրում սահմանափակումների վերացման ուղիները: «Այսօրվա միջոցառման ընթացքում ներկայացված առաջարկները անդամ պետությունների հետ համատեղ մանրամասն կուսումնասիրվեն Սերբիայի Հանրապետության հետ Համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նախատեսվող նիստի շրջանակներում հնարավոր քննարկման համար», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Այս առնչությամբ ԵՏՀ նախարարը հիշեցրել է սերբական կողմի հետ վերջերս տեղի ունեցած արդյունավետ խորհրդակցությունների մասին, որոնց արդյունքում 2025 թվականի մարտի 3-ից վերացվել են ԵԱՏՄ-ից բուսական յուղերի և մարգարինի ներմուծման քանակական սահմանափակումները, որոնք գործում էին երկու տարի շարունակ: Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ մտել 2021 թվականի հուլիսի 10-ին: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքային անվանացանքի 93%-ի համար ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ վերացում:
20 մայիսի 2025 ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել յուղաճարպային արտադրանքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Միության «Յուղաճարպային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» (ՄՄ ՏԿ 024/2011) ստանդարտների ցանկի փոփոխությունները: Ցանկը լրացվել է երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 35012-2023 «Յուղ կտավատի չռաֆինացված:  Տեխնիական պայմաններ» և ԳՕՍՏ 35013-2023 «Ձեք կանջրակի: Տեխնիկական պայմաններ», որոնք մշակվել են նշված տեխկանոնակարգի Միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարելու, վերանայման) ծրագրի իրականացման շրջանակներում: Փոփոխությունները Հանձնաժողովի կողմից նախապատրաստվել են Ղազախստանի Հանրապետության ստանդարտացման լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ հաշվի առնելով Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի համապատասխան դրույթները: Ստանդարտների ցանկի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակումից 180 օրացուցային օր հետո:
20 մայիսի 2025 Լրացվել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և փոխադրամիջոցներ արտադրող և էլեկտրոնային ավտոանձնագրեր ձևակերպող կազմակերպությունների միասնական գրանցամատյանից հեռացնելու հիմքերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների (կազմակերպությունների) և փոխադրամիջոցներ (փոխադրամիջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ արտադրող և էլեկտրոնային ավտոանձնագրերի ձևակերպում իրականացնող կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման մեջ: Մասնավորապես, սահմանվել է ազգային մարմնի կողմից միասնական գրանցամատյանից լիազոր մարմնին, արտադրող կազմակերպությանը վերջինիս դիմումի հիման վրա, ինչպես նաև Էլեկտրոնային ավտոանձնագրերի համակարգերի գործունեության կարգի և (կամ) ԵԱՏՄ համապատասխան պետության օրենսդրության խախտումների հայտնաբերման դեպքում հեռացնելու հնարավորությունը: Բացի այդ, սահմանվել է լիազոր մարմնին կամ արտադրող կազմակերպությանը միասնական գրանցամատյանում կրկին ներառելու հնարավորության ժամկետը՝ հեռացնելու մասին որոշում ընդունելուց առնվազն կես տարի հետո: «Ազգային մարմնի կողմից լիազոր մարմնին, արտադրող կազմակերպությանը վերջինիս դիմումի հիման վրա միասնական գրանցամատյանից հեռացնելու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունը թելադրված է սահմանված կարգի կիրառման փորձով, — ընդգծել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին: — Ընդ որում, միասնական գրանցամատյանում կրկին ներառելու հնարավորության համար հեռացնելու մասին որոշում ընդունելուց հետո առնվազն կես տարվա ժամկետի լրացուցիչ սահմանումն ուղղված է լիազոր մարմինների կամ արտադրող կազմակերպությունների կողմից տեղեկությունների միտումնավոր խեղաթյուրման փաստերի բացառմանը»: Լիազոր մարմնին կամ արտադրող կազմակերպությանը միասնական գրանցամատյանից հեռացնելու (հեռացնելը մերժելու) մասին որոշումն ընդունվում է ազգային մարմնի կողմից 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում:
20 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն իրավական դաշտ է ձևավորում Միության տնտեսության նոր ուղղությունների հակամենաշնորհային կարգավորման համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ելույթով հանդես է եկել Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի «Հակամենաշնորհային կարգավորման 35 տարին. արդյունքները և հեռանկարները» թեմայով նստաշրջանում: ԵՏՀ նախարարը շեշտել է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ Հանձնաժողովի և ազգային հակամենաշնորհային մարմինների կատարած արդյունավետ աշխատանքը: Բացի այդ, ԵՏՀ-ն ներկայացնում է մրցակցության ոլորտում անդամ պետությունների դիրքորոշումներն առանցքային միջազգային հարթակներում: «ԵՏՀ-ն իրավական դաշտ է ձևավորում, ի թիվս այլնի, Միության տնտեսության նոր ուղղությունների հակամենաշնորհային կարգավորման համար, — հայտնել է Մաքսիմ Երմոլովիչը: — Օրինակ՝ ներկայումս մեր գործընկերների հետ աշխատում ենք թվային շուկաների հետազոտման ընդհանուր մոտեցումների հարցի շուրջ: Նաև սկսում ենք ուսումնասիրել արհեստական բանականության ազդեցությունը մրցակցության վիճակի վրա և հակամենաշնորհային մարմինների աշխատանքում դրա օգտագործման հնարավորությունը»: Քննարկման մասնակիցները խոսել են հակամենաշնորհային կարգավորման գիտափորձագիտական ուղեկցման մոտեցումների մասին և ընդգծել ԵԱՏՄ մրցակցային իրավունքի և հակամենաշնորհային կարգավորման կենտրոնի գործունեության արդիականությունը: Ռուսաստանի ԴՀԾ-ի կողմից կազմակերպված նստաշրջանը միավորել է մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Մալայզիայի մրցակցային գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչների, մրցակցության ոլորտի փորձագետների:
19 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ի և ԵԱՏՄ դատարանի փոխգործակցությունն ուղղված է Միության իրավունքի հստակ ըմբռնման ձևավորմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի «ԵԱՏՄ դատարանը 10 տարեկան է. Միության ներքին շուկայի զարգացումը և բիզնեսի շահերի պաշտպանությունը» թեմայով նստաշրջանին: Մաքսիմ Երմոլովիչը, մասնավորապես, նշել է, որ Հանձնաժողովին փոխանցվել են վերազգային հակամենաշնորհային կարգավորիչի լիազորությունները: «Այս կապակցությամբ ԵՏՀ-ն լուծում է ինչպես անդրսահմանային, այնպես էլ ԵԱՏՄ ազգային շուկաներում բիզնեսի վարման ներդաշնակեցված և կանխատեսելի պայմանների ձևավորման կարևոր խնդիրը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նա նշել է ԵԱՏՄ դատարանի խորհրդատվական եզրակացությունների ու որոշումների մեծ դերը Միության մրցակցության ոլորտի իրավունքի կատարելագործման և իրավակիրառության նպատակով իրավական դիրքորոշումների մշակման համար: Առանձին անդրադարձել է ԵԱՏՄ մասին պայմանագրի մրցակցության ոլորտին առնչվող բաժնի կիրառման պրակտիկային վերաբերող գիտագործնական մեկնաբանության նախապատրաստմանը, որն այժմ իրականացնում է Հանձնաժողովի պրոֆիլային բլոկը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԵԱՏՄ դատարանի դատավորներ, Միության դատավորական և իրավաբանական համայնքների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:
Ցուցադրել ավելին