Նորություններ

24.11.2023

Արզիբեկ Կոժոշև. «Էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ համագործակցությունը ԵԱՏՄ երկրների համար ժամանակին է և կարևոր»

Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկ անվտանգության սկզբունքները և ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ընթացքը քննարկվել են ԵԱՏՄ երկրների էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստում։ Նիստը կայացել է նոյեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ։

Կողմերը հավանության են արժանացրել ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկմանն ու հետագա գործունեությանը ուղղված լրացուցիչ միջոցառումները և միջոցառումների իրականացման ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ղեկավարների խորհրդի անդամները միջոցներ կձեռնարկեն ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի կետերը ժամանակին կատարելու համար՝ հաշվի առնելով համաձայնեցված փոփոխությունները։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Միության շրջանակներում էներգետիկ անվտանգության ապահովումը նաև ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման կարևորագույն գերակայությունն է, ինչպես բարձրաձայնվել է եվրասիական «հնգյակի» երկրների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։

Այդ կապակցությամբ Ղեկավարների խորհրդի անդամները քննարկել են այն հնարավոր տարբերակները, որոնցով արդիական է էներգետիկ անվտանգության ոլորտում ԵԱՏՄ պետությունների միջև փոխգործակցությունը։ Այդպիսի ասպեկտներից է էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծման նախագիծը։ Բացի այդ, համագործակցության ուղղություններից են Միության երկրների էներգահամակարգերի համաժամանակյա աշխատանքի պահպանման հարցերը, էներգառեսուրսների ապահովվածությունը, էներգետիկ կապերի ընդլայնումը, տեխնոլոգիական ինքնիշխանությունը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը և այլն։ Նախատեսվում է, որ այս ամենը կներառվի Էներգետիկ անվտանգության հիմնական սկզբունքների ու ուղղությունների և ԵԱՏՄ մակարդակով փոխգործակցության հեռանկարների մասին հռչակագրում։

Էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ համագործակցությունը «հնգյակի» երկրների համար ժամանակին է և կարևոր: Մոտ ապագայում մենք Հանձնաժողովի մակարդակով պետք է որոշենք այս ոլորտում ինտեգրացիոն փոխգործակցության օպտիմալ ձևաչափերը», – նշել է Արզիբեկ Կոժոշևը։

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի ոլորտի մարմինների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը, Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Թալայբեկ Բայգազիևը և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։