Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են եվրասիական ինտեգրման օրակարգի մի շարք հարցեր։
Հանդիպման սկզբում Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ կարևորելով Ռուսաստանի հետագա համակողմանի դինամիկ զարգացումը և առկա մարտահրավերների հաջող հաղթահարումը։
Ռուսաստանի նախագահն իր հերթին շնորհավորել է Բակիտժան Սագինտաևին ԵՏՀ ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Բակիտժան Սագինտաևը հայտնել է ինտեգրացիոն միավորման 10 տարվա աշխատանքի հիմնական ձեռքբերումների մասին։ Մասնավորապես, նշվել է, որ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուրը գրեթե կրկնապատկվել է, իսկ արտաքին առևտուրն աճել է 60%-ով։ Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն միայն վերջին տարվա ընթացքում աճել է 3.8%-ով՝ հասնելով 2.4 տրլն դոլարի։ Մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը աճ է ցույց տալիս։
Կողմերը քննարկել են Հանձնաժողովի հետագա գործունեության հիմնական խնդիրները։ ԳԵրակայություններից է լինելու Եվրասիական տնտեսական միության միջնաժամկետ (մինչև 2030 թվականը) և երկարաժամկետ (մինչև 2045 թվականը) զարգացման նոր ռազմավարական փաստաթղթի՝ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացումը։ Բակիտժան Սագինտաևը հայտնել է միավորման պետությունների հետ ռազմավարական նախաձեռնությունների կատարման պլանի քննարկմանը նվիրված բանակցություններ սկսելու մասին։
Միության զարգացման և Հանձնաժողովի աշխատանքի կարևոր հեռանկարներից է տնտեսության թվայնացումը։ Կողմերը միակարծիք են, որ թվային տեխնոլոգիաները և համապատասխան բարեփոխումների իրականացումը կօգնեն որակապես փոխել տնտեսական իրավիճակը։ Մյուս առանցքային ուղղությունների թվում են կոոպերացիոն կապերի զարգացումը և ավելացված արժեքի տարածաշրջանային շղթաների ձևավորումը, տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի կատարելագործումը, մաքսային վերահսկողության մասով ռիսկերի կառավարման միասնական արդյունավետ համակարգի ստեղծումը:
Հանդիպման շրջանակներում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել նաև եվրասիական «հնգյակի» և երրորդ երկրների միջև համագործակցության զարգացման և միջազգային ասպարեզում ԵԱՏՄ դիրքերի ամրապնդման հարցերի շուրջ։ Այս համատեքստում առաջնահերթ է առաջատար տարածաշրջանային միավորումների՝ ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, Աֆրիկյան միության, ԲՐԻԿՍ-ի, Խաղաղօվկիանոսյան դաշինքի, Անդյան համայնքի, ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների և բուն Կազմակերպության, ինչպես նաև Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Ինդոնեզիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների հետ փոխգործակցության զարգացումը:
2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը նշում է իր տասնամյակը։ Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են մայիսի 8-ին Մոսկվայում անցկացնել ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։