Նորություններ

31.01.2025

Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ-ում թվայնացման առաջնահերթ ուղղությունը մարդկանց կյանքի որակի բարելավումն է»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Digital Almaty 2025 թվային համաժողովի լիագումար նստաշրջանում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում թվայնացման գործընթացների զարգացման մասին։

Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, Հանձնաժողովի ջանքերն ուղղված են Digital Union հայեցակարգի իրականացմանը։

«Այսօր գործում է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը, որը Digital Union-ի տեխնոլոգիական հիմքն է, — ասել է Բակիտժան Սագինտաևը։ — Դրա հետևողական զարգացման արդյունքում ձևավորվում է վերազգային ենթակառուցվածքը։ Սա հինգ տարբեր համակարգերին թույլ է տալիս գտնվել միևնույն էկոհամակարգում»:

Ընդ որում, ԵԱՏՄ-ում շարունակում է հավատարիմ մնալ համատեղելիության, համաժամացման և ինտեգրման սկզբունքներին, որոնք չեն ազդում անդամ պետությունների թվային ինքնիշխանության վրա։ Սա թույլ է տալիս կապակցել թվայնացման ոլորտում երկրների լավագույն լուծումները դրանց հետագա մասշտաբավորման հնարավորության հետ։

Այժմ արդեն ինտեգրված տեղեկատվական համակարգի տեխնոլոգիական լուծումներն ապահովում են ազգային թվային հարթակների անխափան փոխգործակցությունը։ Արդյունքում անդրսահմանային ծառայությունները կարող են տրամադրվել վստահելի և անվտանգ միջավայրում:

ԵՏՀ կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այսօր կարելի է խոսել լիաձևաչափ միջպետական էլեկտրոնային G2G, B2G և C2G փոխգործակցության մասին։ Դա հնարավորություն է դարձել տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի գործարկման և ընդհանուր գործընթացների աստիճանական իրականացման ապահովման շնորհիվ։

«Հնգյակի» շրջանակներում հաստատվել է 77 ընդհանուր գործընթաց։ Դրանցից 42-ը գործարկվել է։ Հանձնաժողովը նախապատրաստել է գործարկման համար ևս 24 ընդհանուր գործընթաց։ Մնացած 11 գործընթացի նախապատրաստումը կապահովվի մինչև 2025 թվականի վերջը։

Օրինակ, անվտանգության պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի միասնական գրանցամատյան վարելու ընդհանուր գործընթացը բիզնեսի համար էապես կրճատել է բյուրոկրատական ընթացակարգերը:

Եթե խոսենք կոնկրետ մարդկանց համար ստեղծվող առավելությունների մասին, ապա, օրինակ, էլեկտրոնային ձևաչափով հաստատվում է ԵԱՏՄ որևէ երկրի քաղաքացու աշխատանքային փորձը մեկ այլ երկրում։

Անդամ պետությունների բնակչության համար առկա է նաև այլ գործընթացների և փաստաթղթերի թվայնացման բարձր պահանջարկ: Մարդկանց կյանքի որակի բարելավումը Միությունում թվայնացման առաջնահերթ ուղղություն է։

Համաժողովի շրջանակներում Համաժողովի ստենդին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկ էր տրվել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության շահագործմանը։

Այն թույլ է տալիս գործարկել էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչումը՝ դրանով իսկ ապահովելով անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների, բիզնեսի և քաղաքացիների համար: