Նորություններ

09.03.2023

ԵՏՀ պատվիրակությունը քննարկել է ԱՄԷ-ում լոգիստիկ հանգույց ստեղծելու հնարավորությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի շրջանակներում կայացել է հանդիպում ԱՄԷ գործարար շրջանակների պատվիրակության հետ՝ Դուբայի Առևտրի պալատի փոխնախագահ Հասան Էլ Հաշիմիի գլխավորությամբ։ Միջոցառման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ անդամ պետությունների և մերձավորարևելյան այս երկրի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ։

Վլադիմիր Սերպիկովը հանգամանորեն անդրադարձել է ԵԱՏՄ և ԱՄԷ միջև փոխգործակցության ամրապնդման հարցերին։ Խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման մասին էր։ Առաջարկվել է քննարկել ԱՄԷ-ի կողմից «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծին միանալու հնարավորությունը։

Նման նախագծերի իրականացումը թույլ կտա անցնել էլեկտրոնային տրանսպորտային և ապրանքաուղեկից փաստաթղթերի օգտագործմամբ երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման համալիր թվային տեխնոլոգիային, որն իր հերթին հնարավորություն կտա կրճատել մատակարարումների ժամանակը, ինչպես նաև վերացնել վարչական խոչընդոտներն առևտրում:

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում ԱՄԷ-ում՝ էմիրաթական կողմի շահագրգռված լինելու դեպքում, դիստրիբյուտերական ցանց և տրանսպորտային հանգույց ստեղծելու համար, որոնք թույլ կտան ընդլայնել ԵԱՏՄ պետությունների առևտուրը Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների, իսկ հեռանկարում՝ նաև Աֆրիկայի երկրների հետ»,- նշել է Վլադիմիր Սերպիկովը։

Հասան Էլ Հաշիմին հաստատել է իր շահագրգռվածությունն ԵԱՏՄ երկրների հետ համալիր համագործակցությունն ընդլայնելու հարցում, այդ թվում՝ նշված հարցերի շուրջ։

Նա նաև տեղեկացրել է մոտ ապագայում Մոսկվայում Դուբայի առևտրի պալատի ներկայացուցչություն բացելու մտադրության մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել 2023 թվականի հունիսի 14-ից 17-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու հրավերի համար։