Սեպտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը համաձայնեցրել է արդյունաբերության չորս ոլորտի վեց ապրանքային դիրքի արտադրության նոր պայմաններ՝ դրանք պետգնումների նպատակով Ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի (ԱԾԵ) որոշման կանոնների 1-ին հավելվածում ներառելու համար:
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում է լրացնել Եվրասիական ԱԾԵ կանոնները արտադրության նոր պայմաններով և ապրանքային դիրքերով։
«Այսօր Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետերը համաձայնեցրել են ապրանքների արտադրության նոր պայմանները եվրասիական գնումներին մասնակցելու համար։ Այժմ պետգնումները հավասարապես հասանելի են նրանց մատակարարների և արտադրողների համար՝ անկախ ռեզիդենտությունից: Նշեմ, որ Խորհրդի որոշումը ներառում է արդյունաբերության երկու նոր ոլորտ, որոնց վերաբերյալ եվրասիական հնգյակի երկրները նախկինում համաձայնեցված պահանջներ չեն ունեցել։ Դրանք են՝ «Ծանր մեքենաշինությունը» և «Չափիչ սարքերը», - նշել է նախարարը։
Ներկայումս Կանոնները ընդգրկում են ավելի քան 700 ապրանքի անվանումներ:
Այսօրվա որոշմամբ «Հատուկ մեքենաշինություն» ոլորտը լրացվել է սննդային հեղուկների փոխադրման համար փոխադրամիջոցների արտադրության պայմաններով։ «Ծանր մեքենաշինություն» ոլորտն այժմ ներկայացված է երկու դիրքով (ժապավենային վերելակներ և այլ մեքենաներ՝ բարձրացման, տեղափոխման, բեռնման կամ բեռնաթափման համար): «Չափիչ սարքեր» բաժինը ներառում է ֆիզիկական և քիմիական վերլուծության, իոնացնող չափումների հայտնաբերման կամ չափման, ավտոմատ կարգավորման/կառավարման սարքեր և սարքավորումներ:
Նաև Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությամբ համաձայնեցվել է ԱԾԵ կանոններում «Քիմիական արդյունաբերություն» ոլորտի խողովակների, փողակների և փողրակների արտադրության պայմանների ներառումը: