Նորություններ

08.05.2024

ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան պաշտոնական բանակցություններ են սկսում անմաքս առևտրի պայմանների շուրջ

2024 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները պաշտպանել են Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ պաշտոնապես նախաձեռնելու առաջարկը։

«Մոնղոլիան ոչ միայն հարևան է, այլև կարևոր գործընկեր մեր երկրների համար։ Ուլան Բատորի մեր գործընկերների հետ մենք համակողմանիորեն ուսումնասիրել ենք առևտրային քաղաքականության գործիքակազմը, որը կարող է օգտագործվել փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար, ինչպես նաև ազատ առևտրի ռեժիմի ձևավորման հետևանքները»,- ընդունված որոշումը մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Նա հստակեցրել է, որ այս աշխատանքի արդյունքն է դարձել այն եզրակացությունը, որ տվյալ փուլում նպատակահարմար է խոսել ժամանակավոր առևտրային համաձայնագրի մասին, որի շրջանակներում ապրանքների սահմանափակ տեսականու համար մաքսատուրքերը փոխադարձ առևտրում կվերացվեն կամ կնվազեցվեն։ Այս առաջարկն արժանացել է ԵՏԲԽ անդամների հավանությանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախապատրաստական աշխատանքը ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ արդեն սկսվել է և կարող է ավարտվել մինչև այս տարվա վերջ։

«Առաջին եռամսյակում մենք հանգամանալից խորհրդակցություններ ենք անցկացրել մոնղոլական կողմի հետ և արդեն պայմանավորվել ապագա առևտրային գործարքի հիմնակմախքի վերաբերյալ։ Հաշվի առնելով այն աջակցությունը, որը ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի ղեկավարները ցուցաբերում են կատարվող աշխատանքին, բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ մենք ամենասեղմ ժամկետներում կկարողանանք զեկուցել ԵՏԲԽ անդամներին, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», - հավելել է Անդրեյ Սլեպնևը: