Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնության առաջարկը նույնականացման միջոցներով մակնշման ենթակա թեթև արդյունաբերության ապրանքների ցանկն ընդլայնելու մասին և որոշում ընդունել Եվրասիական տնտեսական միության գործող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին։
Փոփոխությունները վերաբերում են բացառապես մանկշման ենթակա այն ապրանքատեսակներին, որոնք հաստատված են Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության առանձին ապրանքների մակնշում ներդնելու մասին» N 127 որոշմամբ։
Մակնշումը կտարածվի կոստյումների, վերնաշապիկների, տրիկոտաժից, արհեստական մորթուց արտադրատեսակների և հագուստի որոշ այլ տեսակների վրա։ Նշված ապրանքների առնչությամբ Միության անդամ պետություններ 2024 թվականի ապրիլի 1-ից իրավունք ունեն սահմանելու չմակնշված արտադրանքի շրջանառության արգելք։
«Մակնշման ենթակա ապրանքների թվում նոր ապրանքների աստիճանական ընդգրկումը ընդհանուր համակարգի զարգացման տրամաբանական քայլ է, որը սպառողին թույլ է տալիս համոզվել դրանց իսկության հարցում և բարձրացնում է շուկայի ազնիվ մասնակիցների մրցունակությունը անօրինական շրջանառության մասնաբաժինը կրճատելու հաշվին», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Հարկ է նշել, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 5-ի N 19 որոշմամբ։ Այսպիսով, ապրանքները Միության տարածքում շրջանառելիս դրանց վերամակնշում չի պահանջվի։