Նորություններ

14.11.2023

ԵՏՀ-ն երկու տարով զրոյացրել է հում գլիցերինի և ֆերոնիոբիումի ներմուծման մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1520 00 000 0 դիրքի՝ հում գլիցերինի, գլիցերինային ջրի և գլիցերինային մոխրաջրի համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը երկու տարի ժամկետով 5-ից 0% իջեցնելու մասին:

«Նշված հումքի դրույքաչափի զրոյացումը թույլ կտա նվազեցնել մաքրված գլիցերինի մշակման ինքնարժեքը, որը հետագայում օգտագործվում է սննդի, կոսմետիկ և դեղագործական արդյունաբերությունում: Սա, իր հերթին, կնպաստի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության ավելացմանը, ինչպես նաև կբարձրացնի ԵԱՏՄ երկրների արտադրանքի մրցունակությունը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում հում գլիցերին չի արտադրվում։

Բացի այդ, երկու տարի ժամկետով 5-ից 0% նվազեցվել է ֆերոնիոբիումի դրույքաչափը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7202 93 000 0 ծածկագիր), որն օգտագործվում է հատուկ պողպատների՝ խողովակի մեծ ամրության պողպատի, կառուցվածքային պողպատի, եռակցվող և ցրտադիմացկուն պողպատի արտադրության համար։ Համապատասխան համաձուլվածքը ջերմակայուն և չժանգոտվող պողպատներին ավելացնելու դեպքում նպաստում է ճկունության և կոռոզիոն կայունության բարձրացմանը, իսկ կառուցվածքային պողպատների մեջ ֆերոնիոբիումի ավելացումը բարելավում է եռակցելիությունը, բարձրացնում ամրությունը և ճկունությունը:

«Միջոցի կիրառումը կնպաստի ԵԱՏՄ շուկայում ֆերոնիոբիումի պակասի վերացմանը, հատուկ պողպատների արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը և մեր երկրների ձեռնարկությունների արտադրական կարողությունների բեռնվածքի ավելացմանը», — ասել է Վահագն Ղազարյանը։

Որոշումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։