Հունվարի 26-ին Մոսկվայում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովի և ԶՆԲ Եվրասիական տարածաշրջանային կենտրոնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոկարևի հանդիպումը։
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ փոխգործակցության հեռանկարային օրակարգի հարցերի լայն շրջանակին։ Մասնավորապես, քննարկվել են երկու միավորումներում նախագծային ֆինանսավորման մոտեցումները։
«Համաշխարհային տնտեսության վերափոխման համատեքստում ԲՐԻԿՍ երկրների հետ համագործակցությունը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Եվրասիական տնտեսական միության համար։ Մենք հեռանկար ենք տեսնում Զարգացման նոր բանկի հետ երկխոսության մեջ ինչպես զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ենթակառուցվածքային, լոգիստիկ և էներգետիկ նախագծերի իրականացման լավագույն փորձի փոխանակման, այնպես էլ ԵԱՏՄ-ում և ԲՐԻԿՍ-ում կայուն տնտեսական զարգացման ավելի գլոբալ հարցերի վերաբերյալ», — նշել է Վլադիմիր Կովալյովը։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդականի խոսքով, կարևոր է նաև վճարահաշվարկային ոլորտում ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ փոխգործակցության գործիքների մշակումը։
Վլադիմիր Կովալևը և Անդրեյ Բոկարևը քննարկել են ԵՏՀ և Զարգացման նոր բանկի միջև համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը։ Մասնավորապես, նախատեսվում է հրավիրել ԶՆԲ ղեկավարությանը մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 24-ից 25-ը։ Բացի այդ, 2023 թվականին Զարգացման նոր բանկի հարթակում կարող է կազմակերպվել Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսը։
Տեղեկանք
Զարգացման նոր բանկը ստեղծվել է ԲՐԻԿՍ երկրների կողմից միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2014 թվականի հուլիսին Ֆորտալեզայում՝ ԲՐԻԿՍ-ի 6-րդ գագաթնաժողովում: Բանկի գործունեության նպատակն է ԲՐԻԿՍ պետություններում և զարգացող երկրներում ենթակառուցվածքային նախագծերի և կայուն զարգացման նախագծերի ֆինանսավորումը: 2021 թվականին ԶՆԲ-ն չորս նոր անդամ է ընդունել՝ Բանգլադեշ, Եգիպտոս, ԱՄԷ և Ուրուգվայ:
ԶՆԲ կանոնադրական կապիտալը կազմում է 100 միլիարդ դոլար, բաժանորդագրությունը հասանելի է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամներին:
ԶՆԲ-ի Եվրասիական տարածաշրջանային կենտրոնը գտնվում է Մոսկվայում։ Եվրասիական տարածաշրջանային կենտրոնի գլխավոր գործառույթներից է եվրասիական մի քանի պետությունների մասնակցությամբ ԶՆԲ նախագծերի իրականացման աջակցությունը, պետական և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը։