Նորություններ

26.05.2022 (Обновлено: 15.06.2022 12:28)

ԵՏՀ-ն մտադիր է վերացնել տեխնոլոգիական խնդիրները ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համալիրում

Այս մասին մայիսի 26-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովը հայտարարել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Տրանսպորտային համալիրը՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնակմախկն է» պանելային նստաշրջանին։ Նրա խոսքով՝ համաժողովը նպաստում է կապերի կառուցման խնդիրների լուծմանը, նոր լոգիստիկ երթուղիների ստեղծմանը:

«Համաժողովին կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն առկա խնդիրների վերացմանն համատեղ աշխատանքին։ Այս ամենը թույլ կտա վերացնել տեխնոլոգիական հարցերը, ապահովել հավասար մուտք դեպի շուկա, ավելացնել համատեղ առևտրի ծավալները», – ասել է Տեմիրբեկ Ասանբեկովը։ 

Նա ընդգծել է, որ տրանսպորտային համալիրին լուրջ աշխատանք է սպասում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների ցանցի վրա հենվող տրանսպորտային միջանցքների կառուցման ժամանակ:

«Մենք հույս ունենք մակրոտնտեսության փոփոխությունների ֆոնին ձևավորել միջազգային փոխադրումների զարգացման նոր պարադիգմ, որոշել, թե տրանսպորտի որ տեսակն ունի առանցքային դեր «դռնից դուռ» մատակարարումն ապահովելու գործում, գնահատել «շարժունակություն առանց սահմանների» սկզբունքով գործող հաղորդակցության համակարգի կառուցման հնարավորությունը: Քննարկման արդյունքները կընդգրկվեն համաժողովի պանելային նստաշրջանի բանաձևում և թույլ կտան կատարելագործել մեր իրավապայմանագրային բազան, որոշել տրանսպորտի ոլորտում մեր ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը և հնարավորությունները՝ միջազգային մակարդակով դիրքավորման և երրորդ երկրների հետ փոխգործակցության դեպքում», – նշել է ԵՏՀ նախարարը:

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների փոխնախարար Ալմազ Տուրգունբաևը խոստովանել է, որ ԵԱՏՄ երկրները տրանսպորտային հարցերի հետ կապված խնդիրներ ունեն, այդ պատճառով պետք է իրական քայլեր ձեռնարկել ինտեգրման ուղղությամբ՝ իրականացնելով Ռազմավարություն-2025-ում նշված ծրագրերը։

«Ինչ վերաբերում է Ղրղզստան – Չինաստան ճանապարհի կառուցմանը, ապա դա հեռանկարային նախագիծ է, և այն պետք է կապի Չինաստանն ու Եվրոպան։ Այժմ ինչ-որ հաջողությունների մասին խոսելը վաղ է, մենք հասկանում ենք, որ եթե այդ նախագիծը աշխատի, ապա այն թռիչք կհանդիսանա մեր հանրապետության և Միության մյուս երկրների տնտեսության զարգացման գործում», – ընդգծել է փոխնախարարը։

Ալմազ Տուրգունբաևը հայտնել է, որ Ղրղզստանը նպատակ է դրել ավարտել երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մինչև 2022 թվականի վերջը:

Ղրղզստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է էլեկտրոնային առևտրի զարգացման հարցին: Նա նշել է, որ երկաթուղային տրանսպորտը կօգնի այդ ոլորտում բարելավումների հասնել։

«Ղրղզստանում նման շուկան նոր է սկսում զարգանալ, քանի դեռ գրեթե ամեն ինչ առաքվում է ավտոտրանսպորտով։ Սակայն էլեկտրոնային առևտրի աճի հետ միասին երկաթուղային փոխադրումների ազդեցության մակարդակը կաճի», — ամփոփել է ՂՀ տրանսպորտի փոխնախարարը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը խոսել է ԵԱՏՄ երկրներում «բաց երկնքի» ռեժիմի ներդրման հեռանկարների և այդ հարցում Հայաստանի փորձի մասին: Նա հիշեցրել է, որ «բաց երկինքը» Հայաստանում գործում է 2012 թվականից, իսկ 2013 թվականից ուղևորահոսքը կտրուկ աճել է:

«Յուրաքանչյուր տարի ուղևորահոսքն աճել է 15%-ով, այն դեպքում, երբ AirBus-ի տվյալներով միջազգային ցուցանիշը կազմում էր 3,8%։ Պետք է մինչև 2025 թվականը հավասար պայմաններ ստեղծել ԵԱՏՄ երկրներում գրանցված օդանավերի համար, ինչպես նաև վերացնել հաճախականությունների սահմանափակումները, քանի որ մեզ մոտ նախատեսվում է ԵԱՏՄ ներսում ուղևորահոսքի ակտիվ աճ, և դա կհանգեցնի լոգիստիկայի բարելավմանը», – կարծում է նա։

Փոխնախարարի կարծիքով՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առաջնային ուղղությունն է թվային տրանսպորտային միջանցքների ստեղծումը։

Այդ կապակցությամբ Արմեն Սիմոնյանն ընդգծել է. «Մեզ մոտ թվային տրանսպորտային միջանցքների կառուցվածք ստեղծելու մրցույթ է բացվել։ Դա թույլ կտա լոգիստիկ ընկերություններին հետագծել փոխադրումների ամբողջ շղթան։ Ըստ էության, ստեղծվում է մարկետպլեյս բեռնառաքողների և պատվիրատուների համար»։

Քննարկման մոդերատոր է հանդես եկել Ղազախստանի տրանսպորտային միջոցների KAZLOGISTICS միության փոխնախագահ Յուրի Լավրինենկոն: Ելույթի ընթացքում նա, մասնավորապես, նշել է, որ այժմ ԵԱՏՄ-ում կարևոր է արտադրական համագործակցության և տրանսպորտային լոգիստիկայի զարգացումը, անհրաժեշտ է միաժամանակ համակարգել արդյունաբերությունը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը: 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին