Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է «Թվային առևտուր. համաշխարհային փորձը և ԵԱՏՄ-ում զարգացման հեռանկարները» թեմայով սեմինարը, որը վարում էր ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
«Մեր այսօրվա սեմինարը նվիրված է թվային առևտրի զարգացմանը. այս ոլորտն ավելի լայն է, քան էլեկտրոնային առևտուրը, որում մենք որոշ ժամանակ արդեն զբաղվում ենք: Մեզ մոտ թվայնացում է տեղի ունենում նաև այլ ուղղություններով, բայց մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը, և դա արտացոլված է մեր երկրների ղեկավարների կողմից ընդունված «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում, — ասել է նախարարը՝ բացելով միջոցառումը։ — Այս առումով մեզ համար կարևոր է ի սկզբանե հանդիպում կազմակերպել բիզնեսի և փորձագիտական համայնքի հետ, որպեսզի առանձնացնենք մեր ջանքերի կիրառման գերակայությունները և հիմնական կետերը, որտեղ մենք որպես Միություն կարող ենք արդյունավետ լինել»:
Ն.Է. Բաումանի անվ. ՄՊՏՀ-ի առաջատար դասախոս, CHB Forwarding LLC լոգիստիկ ընկերության ղեկավար Բորիս Չալովը հորդորել է նախ և առաջ սահմանել ապրանքների և ծառայությունների շարժի քայլ առ քայլ սցենարներ, որոնք կուղեկցվեն տարբեր փաստաթղթերի ձևավորմամբ և փոխանցմամբ: «Արդյունաբերական Կրիպտոհամակարգեր» ԲԸ գլխավոր տնօրեն Միխայիլ Չեկանովն ընդգծել է, որ թվային առևտրի զարգացման համար կարևոր են թվային ենթակառուցվածքը, տվյալների անվտանգությունը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային ստորագրությունները, ծրագրային ապահովման մատակարարումների անվտանգությունը և կայունությունը:
«Թվային տնտեսություն» ԻՈԱԿ-ի միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովն իր հերթին առաջարկել է պատրաստել ԵԱՏՄ երկրների առևտրում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման համար գործող լուծումների հավաքածու, որոնք կարող են տարածվել ամբողջ Միության վրա։ «Յանդեքս» էլեկտրոնային առևտրի ծառայությունների իշխանության մարմինների հետ փոխգործակցության գծով փոխտնօրեն Մաքսիմ Ռոժնևը պատմել է առևտրում արհեստական բանականության կիրառման ընկերության կոնկրետ փորձի մասին, որը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել էլեկտրոնային առևտրի ծառայությունների վաճառողների ժամանակի ու դրամական ծախսերը:
«ԿՎՏ» ԸԽ նախագահ Յուլիա Շլենսկայան անդրադարձել է թվային վճարումների և հաշվարկների հարցերին, որոնք նշել է որպես այսօրվա դրությամբ ամբողջ արտաքին տնտեսական ոլորտի թիվ մեկ թեմա: Նա խոսել է նաև խոշոր բանկերի հետ անխափան տեխնոլոգիաներին առնչվող համատեղ նախագծերի մասին, որոնք հաճախորդներին թույլ են տալիս աշխատել մաքսային ներկայացուցչի և լոգիստիկ օպերատորի հետ փաստաթղթաշրջանառության միասնական դաշտում:
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների տնօրինության տնօրեն Սևակ Սարուխանյանն առաջարկել է օգտագործել եվրասիական տարածքում մարկետփլեյսերի աշխատանքի և էլեկտրոնային առևտրի զարգացման եզակի փորձը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ընդհանուր ստանդարտների առաջմղման համար: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ աշխատանքային խմբի փորձագետ Նիկոլայ Դմիտրիկն ուշադրություն է հրավիրել միջազգային լուծումներ մշակելիս համատեղելիության խնդրին։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ ԵԱՏՄ-ն պլանաչափ աշխատանք կատարի համաշխարհային պրակտիկաների ու ռեժիմների ուսումնասիրության ուղղությամբ, որոնց հետ արդեն իսկ աշխատանքներ են տարվում և նախատեսվում են ապագայում։ ՏԲԴ ԱՀՀ Առևտրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դանիլցևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստեղծել թվային տեխնոլոգիաների ոլորտում կրթական և կադրային ներուժի զարգացմանը աջակցելու միասնական համակարգ:
Համաձայն սեմինարի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ դրա բոլոր մասնակիցները ԵՏՀ-ին կներկայացնեն իրենց կուտակած փորձը՝ հետագայում թվային առևտրի զարգացման մասով «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանը պատրաստելիս այն օգտագործելու համար:
Հաշվի առնելով, որ թվային առևտրի զարգացումը և՛ հնարավորություններ, և՛ որոշակի ռիսկեր է ստեղծում Միության տնտեսության գործունեության համար, այժմ արդեն անհրաժեշտ է սահմանել դրա աջակցության և կարգավորման հիմնական ուրվագծերը։