Նորություններ

22.03.2023 (Обновлено: 23.03.2023 13:49)

ԵՏՀ-ն կրկին անգամ տուգանել է Ղազախստանի և Ղրղզստանի ընկերություններին պրոֆեսիոնալ հաշվապահների հավաստագրման ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Շուրջ երեք միլիոն ռուսական ռուբլու չափով նոր տուգանքներ պետք է վճարեն իրենց երկրների բյուջեներ «Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների մասնագիտական կազմակերպությունը (Ղազախստանի Հանրապետություն), «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը (Ղազախստանի Հանրապետություն), «Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորումը (Ղրղզստանի Հանրապետություն) և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը (Ղրղզստանի Հանրապետություն):

Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիայի 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ այս ընկերություններին արդեն նշանակվել էին տուգանքներ հանրային հաշվապահների հավաստագրման ծառայությունների անդրսահմանային շուկայում անբարեխիղճ մրցակցության համար։

Նոր հետաքննության համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մի շարք տնտեսավարող սուբյեկտների դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մրցակիցների ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ։

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նշված ընկերությունները www.cipaprogram.org կայքի հավաստագրերի սեփական գրանցամատյանում տեղեկատվություն էին տեղադրում այլ կազմակերպությունների, այդ թվում՝ դիմողների կողմից տրամադրված հավաստագրերի մասին։ Կայքում նաև հաղորդվել է, որ որոշ հավաստագրերի գործողությունը կասեցվել կամ չեղարկվել է, և դրանց ակտիվացման/վերաթողարկման համար պահանջվում է անդամակցել այդ կազմակերպություններից որևէ մեկին:

Հայտնաբերվել են նաև այլ ոչ հավաստի տեղեկություններ։ Օրինակ, որոշ հավաստագրերի համար որպես տրամադրման ամսաթիվ նշված է եղել 1900 թվականը:

Մեկնաբանելով Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից ընդունված որոշումը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովն ընդգծել է. «Ընկերությունները թույլ են տվել ԵԱՏՄ մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումներ։ Խոսքն անբարեխիղճ մրցակցության մասին է։ Նշեմ, որ հակամրցակցային վարքագծի փաստերի վերաբերյալ ԵՏՀ ստացվող առավելագույն թվով դիմումները վերաբերում են հենց այս խախտմանը։ Օրինակ՝ 2022 թվականին Հանձնաժողովի կողմից քննարկված 26 դիմումից 15-ը վերաբերում էր անբարեխիղճ մրցակցությանը»։