Նորություններ

12.09.2023

ԵՏՀ-ն առաջարկում է ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի երկրների միջև ստեղծել հաշվարկների ժամանակակից և հուսալի համակարգեր

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը սեպտեմբերի 12-ին 8-րդ Արևելյան տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ — ԲՐԻԿՍ. դերը նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում» խորագրով նստաշրջանում։ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ-ի երկրների միջև փոխադարձ առևտուրն աճում է։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ապրանքաշրջանառությունը կազմել է 150 մլրդ դոլար։ ԵԱՏՄ երկրների արտահանումը ԲՐԻԿՍ-ի երկրներ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 15%-ով։ 

«Վստահ եմ, որ այս ապրանքային հոսքերն աճելու են, անհրաժեշտ են հաշվարկների ժամանակակից և հուսալի համակարգեր, — ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ — Առաջարկում եմ մեր երկրների ֆինանսների նախարարություններին և կենտրոնական բանկերին կազմակերպել ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի նկատմամբ այդ հարցերի մշակումը մինչև 2024 թվականին Կազանում կայանալիք միավորման հաջորդ գագաթնաժողովը»։

Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում ներքին շուկան ամբողջությամբ ապահովված է հիմնական ապրանքներով սեփական արտադրության հաշվին։

«Մենք այժմ աշխատում ենք որակական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Խոսքն աշխատանքի արտադրողականության բարձրացման, նյութական ու էներգատարողության կրճատման մասին է։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ։ ԵԱՏՄ երկրները լուրջ իրավասություններ ունեն, բայց մենք կարծում ենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրների ընկերությունների մասնակցությունը կարող է փոխշահավետ լինել և կարագացնի նոր ապրանքների արտադրության գործընթացները», — համոզմունք է հայտնել ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ Նա նաև հրավիրել է Չինաստանի, Հնդկաստանի, ԲՐԻԿՍ-ի այլ երկրների ընկերություններին համատեղ գործունեություն իրականացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաստոցաշինությունը, խոշորատոննաժ քիմիան, դեղագործությունը և մի շարք այլ ոլորտներում:

Միխայիլ Մյասնիկովիչն հայտնել է, որ Հանձնաժողովը որպես փորձնական նախագիծ նախատեսում է ԵԱՏՄ-ի արտադրողների մասնակցությունը Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու զարգացմանը։ 

«Սա, սկզբունքորեն, համապատասխանում է այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում, — նշել է նա։ — ԵԱՏՄ-ի շրջանակներում Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու մասին կնքված համաձայնագիրը, որն ունի բավականին բարձր պատրաստվածություն, թույլ կտա բացահայտել այս երկրի և աֆրիկյան այլ պետությունների հետ համագործակցության ներուժը»։

Միաժամանակ նա նշել է, որ ԵԱՏՄ-ում գործում է ավելի քան երկու հազար արդյունաբերական հարթակ, մոտ 500 արդյունաբերական պարկ, 70 հատուկ ազատ տնտեսական գոտի, 100-ից ավելի առաջանցիկ զարգացման տարածքներ։ Ռուսաստանի Արդյունաբերական պարկերի ընկերակցությանը կից գործում է թվային ծառայություն, որը կոչվում է «Արդյունաբերական հարթակի ընտրություն», և Հանձնաժողովն աշխատում է այն ԵԱՏՄ երկրներում ընդլայնելու ուղղությամբ: Թվայինը հնարավորություններ է բացում միացնելու երրորդ երկրների գործընկերներին՝ օգտագործելով միջազգային թվային էկոհամակարգերը:

«Մեր մեծ հեռավորությունների պայմաններում առանց թվային տրանսպորտային հարթակների փոխադարձ ներդրման, մաքսային ընթացակարգերի կատարման համար փաստաթղթերի թվայնացման, շատ դժվար է հեշտացնել պետական սահմաններով ապրանքների շարժի լոգիստիկան: Այս հարցերը լուծվում են ԵԱՏՄ շրջանակներում։ Երրորդ երկրների հետ ավելի դժվար է», — ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նստաշրջանի մասնակիցներին հրավիրել է գաղափարներ ներկայացնել տնտեսության իրական հատվածում կոնկրետ ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Նա նաև հիշեցրել է, որ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է անցկացնել ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ և ՇՀԿ երկրների գագաթնաժողով, որը կարող էր տալ համագործակցության իրական նախագծերի մեկնարկը։ Այս առաջարկը կարող էր ներառվել Արևելյան տնտեսական համաժողովի արդյունքներով կազմված փաստաթղթերում:

Տեղեկանք

«ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ. դերը նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում» ԱՏՀ-ի նստաշրջանը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, դրան մասնակցությանը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել չինական և հնդկական բիզնեսները։ Նստաշրջանին ելույթ են ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Կրուտոյը, Հնդկական բիզնես դաշինքի նախագահ Սեմի Կոտվանին, Չինաստանի արտասահմանում ձեռնարկությունների զարգացման ընկերակցության նախագահ Խե Չժենվեյը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլով, Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, Ղրղզստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Դանիլ Իբրաև, ՎԷԲ.ՌՖ-ի ավագ բանկիր Սերգեյ Ստորչակը: ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին