Օգոստոսի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հաստատվել են Եվրասիական տնտեսական միության տարածքում անդրսահմանային B2G (Business-to-Government) փոխգործակցությունների ժամանակ էլեկտրոնային թվային ստորագրության (ԷԹՍ) փոխադարձ ճանաչման կանոնները: Որոշումը կնպաստի անդրսահմանային փոխգործակցության պարզեցմանը և ԵԱՏՄ-ում բիզնես վարելու արդյունավետության բարձրացմանը։
Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիան սահմանել է 14 ոլորտ, որոնք առաջնահերթության կարգով պահանջում են ԷԹՍ-ի ճանաչման ապահովում անդրսահմանային B2G փոխգործակցություններում:
Նոր կանոնների ներդրմամբ Եվրասիական տնտեսական միության տարբեր երկրներում գործող ընկերությունները կկարողանան օգտագործել միևնույն ԷԹՍ-ն պետական կառույցների հետ փոխգործակցության համար։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկրի համար առանձին ԷԹՍ ստանալու անհրաժեշտություն չի լինի, ինչը զգալիորեն կպարզեցնի գործընթացը և կնվազեցնի վարչական ծախսերը:
«Փաստորեն B2G տեսակի փոխգործակցությունների կարգավորմանն ուղղված կանոնները հիմք են ստեղծում էլեկտրոնային ձևով միջպետական ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Կարող ենք ասել, որ սա միջպետական ծառայությունների կազմակերպման մեր առաջին մոտեցումն է», — ընդգծել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
Երկարաժամկետ հեռանկարում այս որոշումը կնպաստի անդրսահմանային առևտրի զարգացմանը և ԵԱՏՄ-ին ինտեգրմանը։ Նոր կանոնների իրականացումը կպահանջի ԵՏՀ և անդամ պետությունների վստահված երրորդ կողմերի լրամշակում, որոնք ի սկզբանե ստեղծվել են միայն միջպետական G2G (Government-to-Government) փոխգործակցության համար: Հիմնական աշխատանքների կատարումը նախատեսված է արդեն այս տարվա ընթացքում։