Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը Ուրալի մետաղագործական, մեքենաշինական, հաստոցաշինական և այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներին ներկայացրել է արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմը։
ԵՏՀ ներկայացուցիչը խոսել է դրա իրականացման փուլերի, նախագծերի ընտրության հիմնական չափանիշների և ֆինանսական կազմակերպություններին ու վարկառուներին ներկայացվող պահանջների մասին։
«Եվրասիական տնտեսական միության երկրներում մեխանիզմը գործարկվել է բոլորովին վերջերս՝ այս տարվա հունիսին, և նախագծի պոտենցիալ մասնակիցները դեռ շատ հարցեր ունեն,- նշել է Գեորգի Արզումանյանը։ – Մենք բացատրական աշխատանք ենք տանում նոր գործիքը բիզնեսի համար հնարավորինս հասկանալի դարձնելու համար։ Այս առումով մեզ շատ է օգնել «Իննոպրոմ» հարթակը, կենդանի երկխոսության ձևաչափը թույլ է տալիս արագորեն հետադարձ կապ ստանալ ձեռնարկություններից»:
Գեորգի Արզումանյանը տարածաշրջանի ձեռնարկություններին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել ԵԱՏՄ կոոպերացիոն շղթաներում:
Գեորգի Արզումանյանը ԵՏՀ ստենդում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարածաշրջանային պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են նորմատիվ իրավական կարգավորման, տեխնիկական ստանդարտների, ներդրումների ներգրավման և արդյունաբերական նախագծերի իրականացման նոր լուծումների հարցեր։
«Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում ՝ սկսած 2010 թվականից: Միջոցառման շրջանակներում ավանդաբար ցուցադրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների և արտասահմանյան երկրների ձեռքբերումները տնտեսության իրական հատվածում։