Մարտի 1-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետերը քննարկել են 25 հարց։
ԵՏՀ խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ մրցակցության ոլորտի իրավունքի փոփոխությունների փաթեթը։ Փոփոխություններ են կատարվել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման վերահսկողության ընթացակարգը կանոնակարգող ակտերում, ինչպիսիք են՝ Հայտերի քննարկման, հետաքննությունների անցկացման, գործերի քննության կարգերը և Տուգանքների վերաբերյալ և մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկաները: Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հայտարարություններն այժմ Հանձնաժողովին կարող են ներկայացվել Եվրասիական տնտեսական միության երկրի ցանկացած պետական լեզվով՝ ռուսերեն պարտադիր թարգմանությամբ։ Նման թարգմանության վավերացման կարգը պարզեցվել է։
Օպտիկական մանրաթելերի արտադրության համար բաղադրիչների անմաքս ներմուծումը երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի վերջը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերի գործողությունը օպտիկական մանրաթելի համար որպես պաշտպանիչ պատվածք կիրառվող էպօքսիդային և պոլիուրետանային պատվածների նկատմամբ։
ԵԱՏՄ-ն սակագնային արտոնություն կտրամադրի Հայաստան և Բելառուս ջուտի մանվածքի ներմուծման համար. ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել ջուտի մանրաթելերից կամ այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածքի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրեր) ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն առավելագույնը 3 տոննա և Բելառուսի Հանրապետություն՝ առավելագույնը 6 հազար տոննա ծավալով: Նշված սակագնային արտոնությունը կտրամադրվի լիազոր մարմնի կողմից տրված հաստատման առկայության դեպքում, դրա գործողության ժամկետը սահմանափակ է՝ մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։