Նորություններ

06.09.2024

Հանձնաժողովն ամփոփել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության գնահատման լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա ընթացիկ իրավիճակը գնահատել են բավարար։ Այս գնահատականը ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսական համալսարանի և Միության երկրների գիտական կազմակերպությունների մասնակցությամբ իրականացված հետազոտության շնորհիվ։

Հետազոտությունն անցկացվել է մեկ տարվա ընթացքում Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի միջոցառումների շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՏՄ-ում համաձայն Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության։

ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովան նշել է, որ աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել է այս ոլորտի միջազգային փորձը և եզակի մեթոդիկա է մշակվել, որը թույլ է տալիս գնահատել ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը։

Հետազոտության արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների որակից սպառողների բարձր աստիճանի գոհունակության մասին:

Հարցման մասնակիցների զգալի մասը կարծում է, որ ապրանքների և ծառայությունների որակի և անվտանգության պահանջները միշտ և հաճախ պահպանվում են: Նման գնահատականների բաժինը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 68%, Բելառուսի Հանրապետությունում` 87%, Ղազախստանի Հանրապետությունում` 61%, Ղրղզստանի Հանրապետությունում` 56%, Ռուսաստանի Դաշնությունում` 67%:

Բոլոր անդամ պետություններում հարցվածների մեծամասնությունը պատրաստ է դիմել լիազոր մարմին սպառողների իրավունքների պաշտպանության համար, ինչը վկայում է պետական կառույցների նկատմամբ քաղաքացիների վստահության մասին։

Պետական մարմինների գործունեությունը Միության երկրների բնակիչները գնահատում են որպես շատ արդյունավետ և ավելի շուտ արդյունավետ։ Նման գնահատականների բաժինը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 54%, Բելառուսի Հանրապետությունում` 72%, Ղազախստանի Հանրապետությունում` 54%, Ղրղզստանի Հանրապետությունում` 47%, Ռուսաստանի Դաշնությունում` 56%:

Հետազոտությունը թույլ է տվել տարբեր ոլորտներում բացահայտել սպառողների հիմնական խնդիրները:

Համաձայն սպառողների շրջանում անցկացված հարցման արդյունքների՝ ամենամեծ թվով բողոքներ են առաջացնում հագուստն ու կոշիկը, ինչպես նաև ծխախոտն ու ալկոհոլային արտադրանքը։

Մանրածախ առևտրի ոլորտում սպառողների իրավունքների առավել տարածված խախտումների թվում են գնապիտակների բացակայությունը, սխալ գին նշելը, լրացուցիչ ապրանքների և ծառայությունների պարտադրումը, ինչպես նաև ապրանքների մասին տեղեկատվության տրամադրման հետ կապված խնդիրները:

Հանրային սննդի ոլորտում սպառողների իրավունքների բնորոշ խախտումները կապված են սպասարկումը մերժելու, հարմար եղանակով վճարելու անհնարինության և հաշվի մեջ ավելորդ կետեր ավելացնելու հետ:

Սպառողներն առավել հաճախ բախվում են իրենց իրավունքների ոտնահարմանը բժշկական, կապի և կոմունալ ծառայություններ ստանալիս։ Հարցման մասնակիցները մատնանշել են մասնագետների արհեստավարժության ցածր մակարդակը և ոչ կոմպետենտ լինելը, ծառայությունների անորակ մատուցումը և վերջնական արժեքի բարձրացումն առանց սպառողի հետ համաձայնեցնելու:

Ապրանքների հեռակա վաճառքի դեպքում առավել տարածված խախտումներն առնչվում են ապրանքի առաքման ժամկետներից շեղումներին, ապրանքի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու անհնարինությանը և մայրենի լեզվով տեղեկատվության բացակայությանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սպառողները բավականաչափ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին:

Ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանում հարցվածների 15%-ը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ 17%-ը, Ռուսաստանի Դաշնությունում՝ 26%-ը և Բելառուսի Հանրապետությունում՝ 34%-ը վստահ են սպառողների իրավունքների մասին իրենց գիտելիքների հարցում։

Հարցվողները առավել լավ են տեղեկացված ապրանքների և ծառայությունների պատշաճ որակի իրավունքի, ինչպես նաև պատշաճ կամ ոչ պատշաճ որակի ապրանքների փոխանակման իրավունքի մասին: Սպառողները նվազ չափով տեղյակ են իրենց իրավունքների պաշտպանության ոլորտում կրթության իրավունքի մասին:

Բնակչության համար առավել արդիական են հեռահար գնումների ժամանակ, զբոսաշրջության, բժշկության, կրթության և այլ ոլորտներում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը։

Նատալյա Ժուկովան նշել է, որ այս հետազոտությունը ԵԱՏՄ անդամ պետությունների երկրների ընդհանուր սպառողական շուկայում սպառողների վարքագիծը և քաղաքացիների պաշտպանությանն ուղղված միջոցների նկատմամբ վերջիններիս վերաբերմունքի ուսումնասիրության ուղղությամբ Միության երկրների համատեղ աշխատանքի առաջին փորձն է:

Հետազոտության ընթացքում մշակված մեթոդիկան կարող է կիրառվել յուրաքանչյուր անդամ պետությունում, իսկ միջերկրային հետազոտության արդյունքները հիմք կդառնան այս ուղղությամբ ինտեգրացիոն աշխատանքների կատարելագործման համար:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամենից հաճախ (շաբաթական մի քանի անգամ) սպառողները սննդամթերք են գնում, մինչդեռ հարցվածների 43%-ը նշել է, որ ծխախոտ և ալկոհոլ երբեք չի գնում։ Էլեկտրոնային և կենցաղային տեխնիկա գնում են ավելի քիչ, քան վեց ամիսը մեկ անգամ, օծանելիք և կոսմետիկա՝ մոտ ամիսը մեկ, հագուստ և կոշիկ՝ մի քանի ամիսը մեկ։ Ամենապահանջված ծառայություններն են կապի, մանրածախ առևտրի և հասարակական տրանսպորտի ծառայությունները։

Միջին հաշվով, հարցվածների 20%-ը հեռահար առևտրի ծառայություններից օգտվում է ամսական մի քանի անգամ, 19%-ը՝ ամիսը մեկ անգամ։ Միևնույն ժամանակ, Ղրղզստանի Հանրապետության հարցվածների 40%-ը և Հայաստանի Հանրապետության հարցվածների 23%-ը երբեք ապրանքներ չեն գնում առցանց։ Առցանց գնված ապրանքների ամենամեծ բաժինը կենցաղային տեխնիկային, օծանելիքակոսմետիկական ապրանքներին, հագուստին և կոշկեղենին է բաժին ընկնում: