Նորություններ

07.06.2022 (Обновлено: 16.06.2022 17:09)

ԵՏՀ նախարար Վարոս Սիմոնյան. «Թվայնացման տեմպերը որոշելու են մեր ինտեգրման մրցունակությունը և գրավչությունը»

Միության թվային փոխակերպման զարգացումից ու կարգավորումից է կախված, թե որքան մրցունակ ու գրավիչ կլինի մեր ինտեգրումն ապագայում: Այս մասին հունիսի 7-ին Մինսկում՝ «ՏԻԲՈ-2022» 4-րդ եվրասիական թվային համաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:

«Թվայնացումը արագացրել է աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների տեմպերը: Համագործակցության ցանկացած ձևաչափ, որը չի փոփոխվում, չի հարմարեցվում այդ փոփոխությունների պահանջներին, դատապարտված է փոխակերպման գործընթացների ցածր արագությանը», — կարծում է Վարոս Սիմոնյանը:

Վարոս Սիմոնյանն անդրադարձել է թվայնացման հնարավորություններին ու հետևանքներին, ինքնիշխանության և մարդու իրավունքների պաշտպանության վրա վերջինիս ազդեցությանը, ինչպես նաև թվային հեղափոխության դարաշրջանում թվային նախագծերի մասշտաբավորման գործում ԵԱՏՄ-ի դերին:

Նա նշել է, որ Միության անդամ պետությունների՝ ներկայումս գործող օրենսդրական բազան տարբեր չափով կարգավորում է տվյալների շրջանառության ոլորտը: Միության երկրներում ձևավորվել են մեկ երկրի սահմաններում տվյալների տեղայնացման պահանջները, սահմանափակվել էլեկտրոնային նույնականացման օգտագործվող եղանակները:

Հանձնաժողովն իր հերթին անդամ պետությունների հետ համատեղ սկսել է մշակել միջազգային համաձայնագիրը Միությունում տվյալների շրջանառության մասին՝ ներառյալ անձնական տվյալների պաշտպանության հարցերը:  Աշխատանքը փաստաթղթի շուրջ նախատեսվումէ ավարտել մինչև 2023 թվականի ավարտը: Եվրասիական տնտեսական միությունում թվային վերափոխման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստի ընթացքում, որը կայացել է թվային համաժողովի շրջանակներում, քննարկվել են միջազգային պայմանագրի նախապատրաստման հարցերը:

«Հենց համատեղ թվային նախագծերի միջոցով հնարավոր է արագ և արդյունավետ «զգալ» ապագան, կենտրոնանալ ազգային կառավարությունների մոտեցումների ներդաշնակեցման և գործողությունների համաժամանակեցման վրա, ստեղծելով ընդհանուր թվային ստանդարտներ՝ այդպիսով ապահովելով թվային նախագծերի փոխգործունակությունը եվրասիական տարածքում, Միության երկրների թվային փոխակերպման ազգային սեգմենտների «թվային հասունությունը»», — նշել է ԵՏՀ նախարարը:

Տեղեկանք

«Տիբոն» միջազգային մասնագիտացված ցուցահանդես է և հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների հարցերով կոնգրես: Այս տարի տեղի է ունենում հունիսի 6-ից 10-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն): Այս հարթակում կենտրոնացված են ԵԱՏՄ երկրների IT ոլորտի ձեռքբերումները: Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել և թեստավորել թվային նորույթները: Մասնակիցների համար կազմակերպված են թվային պետության, «խելացի» քաղաքների, բիզնես վարելու սմարթ տեխնոլոգիաների բաց քննարկումներ և այլն: