Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ վճարվել են Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նշանակված տուգանքները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2020 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ հակամրցակցային համաձայնագրի կողմ է ճանաչել «Ասսոմեդիկա» ՍՊԸ (Բելառուս) տնօրեն Սերգեյ Պուզինյային։ Բժշկական սարքավորումներ վաճառող ընկերությունները, այդ թվում՝ «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն, պայմանավորվել են իրացնել Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեար իմպլանտացիայի համակարգերի խոսքի պրոցեսորները՝ յուրաքանչյուրն իր տարածքում: Դրանով իսկ սպառողները զրկվել էին ավելի շահավետ գնով ապրանք ընտրելու, ինչպես նաև այդ արտադրանքի ընդլայնված շրջանակի մատակարարներից երաշխիքային և հետերաշխիքային ծառայություններ ստանալու հնարավորությունից:
2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ ԵՏՀ կոլեգիան անբարեխիղճ մրցակցության գործողություն է ճանաչել «Բրուտս Ն» ՍՊԸ (Բելառուս) գործողությունները։ Ընկերությունը մոլորեցրել է սպառողներին HOOKAH PLACE նարգիլեի հաստատությունների հայտնի ռուսական ցանցին իր առնչության վերաբերյալ՝ օգտագործելով ռուսական ցանցի ապրանքային նշանին նման ապրանքային նշան:
«Բրուտս Ն» ՍՊԸ-ն և «Ասսոմեդիկա» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Պուզինյան տուգանվել են ավելի քան 700 հազար ռուբլի ընդհանուր գումարի չափով։
2022 թվականի օգոստոսի 2-ին ԵՏՀ կոլեգիայի որոշմամբ անբարեխիղճ մրցակցության գործողություն են ճանաչվել «Մետալոտեխնիկա» ՍՊԸ-ի (Ռուսաստան), նրա տնօրեն Եվգենի Տարասովի, ինչպես նաև «Մետալոօբրաբոտկա» ՍՊԸ-ի (Ռուսաստան) տնօրեն Վալերիա Աբրոսիմովայի գործողությունները: Նրանք սպառողներին մոլորեցրել են պողպատե խողովակների կտրման սարքավորումների արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկությունների կամ արտադրողի վերաբերյալ՝ իրենց անվանումներում օգտագործելով «Օրբիտա» նշումը, որի բացառիկ իրավունքները պատկանում են «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ին (Հայաստան):
Նշված անձինք տուգանվել են ավելի քան 800 հազար ռուբլի ընդհանուր գումարի չափով։
ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան՝ մրցակցության կանոնների խախտումների համար տուգանքները վճարվում են այն պետության բյուջե, որի տարածքում գրանցված է իրավախախտում կատարած տնտեսավարող սուբյեկտը։