Օգոստոսի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է «Կանաչ Եվրասիա» երկրորդ միջազգային կլիմայական մրցույթի նախագահության նիստը։ Նիստը նախագահում էին «Նոր նախագծերի խթանման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» ԻՈԱԿ գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան և ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նիստի ընթացքում նախագահության անդամները որոշել են հաղթողներին և եզրափակիչ փուլի մասնակիցներին 15 անվանակարգում՝ առանձնացնելով կլիմայական մեղմացման և ադապտացման առավել արդյունավետ պրակտիկաներով հայտերը: Ընտրվել է նաև «Եվրասիական հեռանկար» համընդգրկող անվանակարգում հաղթողը, որտեղ լրացուցիչ գնահատվել է միջազգային կոոպերացիոն բաղադրիչը։
«Կանաչ Եվրասիայի» գործընկերները՝ Գազպրոմբանկը, Պրոմսվյազբանկը և Մելնիչենկոյի հիմնադրամը, ընտրել են իրենց սեփական հատուկ անվանակարգերի նախագծերը:
«Մրցույթի հաղթողների և եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրումը տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը։
Նախարարը դրական է գնահատել երկրորդ անգամ անցկացվող կլիմայական մրցույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Նրա կարծիքով՝ սա ևս մեկ անգամ ընդգծում է կլիմայական թեմաների արդիականությունը։ Ընդ որում, հանրային գնահատումն ու ճանաչումը միշտ կարևոր են հեղինակությունը բարձրացնելու և հետագա գործունեությունը խրախուսելու համար, ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։
«Անցյալ տարի մենք անցկացրեցինք «Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային մրցույթը ԵԱՏՄ պետությունների միջև։ Ակտիվ արձագանքը մեզ թույլ տվեց որոշում ընդունել մասնակիցների աշխարհագրությունը աշխարհի բոլոր երկրների վրա ընդլայնելու մասին։ Այս տարի մենք ստացել ենք ավելի քան 300 պրակտիկա 12 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Եգիպտոսից, Իրանից, Ինդոնեզիայից, Կամերունից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից», — այս կապակցությամբ նշել է Սվետլանա Չուպշևան։
Նա վստահություն է հայտնել, որ «Կանաչ Եվրասիա» մրցույթը ևս մեկ հենակետ կդառնա համագործակցության ամրապնդման և եվրասիական տարածքում մրցունակ բնապահպանական և կլիմայական տեխնոլոգիաների հասանելիության բարձրացման համար: