Եվրասիական տնտեսական միության երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Բախիթ Սուլթանովի մասնակցությամբ «5+1» ձևաչափով կայացած հանդիպման ընթացքում կողմ են արտահայտվել Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման փորձագիտական խորհուրդ ստեղծելու մասին ԵՏՀ նախաձեռնությանը:
Միջոցառումը տեղի է ունեցել Երևանում՝ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստի շրջանակում։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկը սերտորեն համագործակցում է ԵԱՏՄ պետական մարմինների, գործարար համայնքի հետ։ Սակայն ավելի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մրցակցության ոլորտում մասնագիտացած անկախ փորձագետներից ստանալ Հանձնաժողովի գործունեության և նախաձեռնությունների գնահատականը», - լուրը մեկնաբանել է Բախիթ Սուլթանովը:
Նախատեսվում է, որ խորհրդում կընդգրկվեն ԵԱՏՄ երկրների մրցակցության ոլորտի անկախ փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ և գործող իրավաբաններ։
Բացի այդ, հանդիպմանը քննարկել են ԵՏՀ-ին երրորդ երկրների սուբյեկտների կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտումները կանխելու իրավասություն վերապահելու հարցը, «Շուկան որպես անդրսահմանային դասակարգելու չափանիշների կիրառման մասին» զեկույցը, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին տարեկան զեկույցի բովանդակության մոտեցումները և այլ արդիական հարցեր:
««5+1» ձևաչափով խորհրդակցություններն անցկացվում են Միության տարբեր երկրներում տարին մի քանի անգամ, և դրանք արդեն դարձել են մի հարթակ, որտեղ «ծնվում են» ԵԱՏՄ մրցակցային քաղաքականության հիմքերը։ Այստեղ մենք քննարկում ենք ոչ միայն ազգային և վերազգային իրավունքի և իրավակիրառության պրակտիկաների կատարելագործման հարցերը, այլև որոշում ենք մրցակցության ապահովման միջոցների զարգացման նոր ուղիներ», - ասել է Բախիթ Սուլթանովը։
ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը հանդիպման մասնակիցներին պատմել է Հանձնաժողովի կողմից միջազգային ուղղությամբ կատարվող մրցակցության ոլորտի աշխատանքի մասին։ Նա նշեց, որ հանձնաժողովը մշտապես հանդիպումներ է ունենում մրցակցության ոլորտում լիազորություններ ունեցող տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների հետ։ ԵՏՀ-ի նախաձեռնությամբ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում մրցակցության թեման ներառում են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողով (ՄԱԱԶԽ) տարեկան նստաշրջանի օրակարգում։
Հարկ է նշել, որ Միության երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի՝ Ուզբեկստանի Հանրապետության Մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչներ։ Ելույթի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց նորույթը՝ թվային հարթակները, որոնցում հավաքվում և վերլուծվում է մրցակցային գերատեսչության աշխատանքի հիմնական ուղղություններին առնչվող տեղեկատվություն: