Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է մաքսային անցակետերի ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված խորհրդակցությանը, որն անցել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ։
ԵՏՀ նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է անցակետերի բարեկարգման և աշխատանքի կազմակերպման ոլորտի լավագույն համաշխարհային փորձը, ինչպես նաև մաքսային ենթակառուցվածքներին ներկայացվող՝ ԵԱՏՄ բոլոր երկրների համար պարտադիր պահանջներ սահմանելու ուղղությամբ Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքը։
«Ընդհանուր առմամբ, անցակետերի սարքավորման և բարեկարգման մասով մենք շարժվում ենք միջազգային փորձին համահունչ, ԵԱՏՄ պետություններում առկա են լավ իրականացված դեպքեր: Իսկ այժմ մեր խնդիրն է ամփոփել եվրասիական «հնգյակի» երկրների առկա փորձը և լավագույն համաշխարհային պրակտիկաները, ինչպես նաև ապահովել դրանց միատեսակ կիրառումը Միության ամբողջ տարածքում»,- նշել է Ռուսլան Դավիդովը։
ԵՏՀ մաքսային համագործակցության բլոկի ղեկավարն ընդգծել է, որ ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել անցակետերի ֆիզիկական ենթակառուցվածքը և ներդնել թվային տեխնոլոգիաներ։ Առաջնահերթության կարգով անհրաժեշտ է աշխատանքները կազմակերպել ԵԱՏՄ տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների երկայնքով տեղակայված անցակետերում։
Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է իրականացնել համալիր տեխնիկական լուծումներ թվային տեխնոլոգիաների հիման վրա՝ օգտագործելով իրերի ինտերնետը, մեծ տվյալների վերլուծությունը և արհեստական բանականությունը։ Նշվել է Եվրասիական տնտեսական միության արտաքին ուրվագծում մաքսային ենթակառուցվածքի զարգացման բարեկարգման և արդիականացման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի միասնականացման և համաժամացման անհրաժեշտությունը։